Մամայիս երգը

Այսօր, չգիտես` ինչու, հանկարծ հիշեցի ու հասկացա, որ պապայիս մահից հետո մամաս էլ չի երգում: Ձախ Հարութի “Մոգական լապտերիկ” երգը մամայիցս լավ ոչ մեկ չի կատարում, պապաս դա լավ գիտեր, ու հաճախ հավաքույթների ժամանակ մամայիս երգացնում էր, ու հպարտ նայում: Մամաս էլ շատ քնքուշ ձայն ունի, քաղցր, էնքան լավ էր երգում, ես փոքր էի, այդքան էլ լավ չէի հասկանում այդ երգերի իմաստը, բայց ուրախանում էի, որ մամաս կարողանում է տենց լավ երգի:

Վերջին անգամ մամաս երգեց 2001 թվականի մայիսին, հորեղբայրներիս ծննդյան օրն էր, Դիլիջանում էինք, լիքը լավ մարդկանց խումբ էր հավաքվել, երգերը երգերին հաջորդում էին, բոլորը մի տեսակ երիտասարդացել ու առանց ձայնային տվյալների հետևից ընկնելու,  երգում էին, մամաս երգողներից մեկն էր, պապաս հա երգացնում էր: Երեկոյի ամենակուլմինացիոն պահը եղավ պապայիս երգելը, այդ պահը անսպասելի էր բոլորի համար: Հավանաբար նա մի բան զգում էր, ու ցանկացավ բոլորին զարմացնել, հիշեց իր մանկության երգերը, դաշնակցական ու ազգային երգերից մի քանի հատվածներ, բոլորը ուրախությունից ծափ էին տալիս, ես էլ էի զարմացել, երբեք պապայիս երգելիս չէի տեսել,այդ երգերի միջոցով ինքը իր  երիտասարդությունը հիշեց, մեզ ուրախացրեց, չգիտեմ էլ խի որոշեց ինքը մամայիս հետ տենց երգել…

Մի ամիս հետո տեղի ունեցած դեպքերից հետո մամայիս էլ երգելիս չեմ տեսել…

Մենակ այսօր եմ հասկանում, որ այդ օրվանից հետո անցել է 11 տարի, ու մամաս այլևս չի երգում, նոր հասկացա ու հիշեցի, որ մամայիս երգելիս էլ չեմ տեսել, ու նոր եմ հասկանում՝ ինչքան բան ենք կորցրել, որ չենք խնդրել նրան նորից երգի, նորից մեզ ուրախացնի, նոր եմ հասկանում, որ մեր կյանքում որոշ բաներ կորչում են, իսկ մենք դա չենք էլ զգում, չենք էլ հասկանում, կորցնում ենք տարիների ընթացքում այն արժեքավորը, որը մեր կյանքի մի մասն է եղել:

Խոստանում եմ , որ մամաս շուտով կերգի, թեկուզ իրա փորքիկ թոռնիկների համար օրորոցային, բայց կերգի…

Սիրում եմ մամայիս երգը

0

“Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Շուշան Շատիկյանը

Շուշան Շատիկյանը ծնվել է 1990 թվականի փետրվարի 6-ին Երևան քաղաքում:

Ֆեյսբուքում նա ունի 4991 friend, ինձ հետ ընդհանուր` 106:

Նրա բլոգերը՝

http://shatikyan.wordpress.com/

Նրա Ֆեյսբուքյան էջերը՝

http://www.facebook.com/oragir

https://www.facebook.com/groups/227229827288407/

- Շուշան  անունն ո՞վ է ընտրել:

-Անվանս հետ շատ հետաքրքիր դեպք կա: Շուշան եղել է հայրիկիս մայրական կողմի տատիկի անունը, բայց իրեն ահավոր չեն սիրել, այնքան չեն սիրել, որ անունս դնելուց անգամ չեն հիշել, որ դա հայրիկիս տատիկի անունն է եղել: Մտածել են՝ ինչ անուն դնեն, որ տարածված չլինի: Դե, այն ժամանակ՝ 90-ականներին, տարածված էին Մարինե, Նարինե, Կարինե, Աննա անունները, տարբերվելու համար Շուշան կոչեցին ինձ, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ պաշտում եմ անունս: Չեմ պատկերացնում, եթե անունս Շուշան չլիներ, ուրիշ ինչ էր լինելու:

Read more »

0

Գնահատեք այն, ինչ ունեք

Երբեք չէի ուզի լսեմ այս լուրը, երբեք չէի ցանկանա, որ այս առավոտը քույրիկիս համար սենց հարվածով սկսեր: Բայց մենք ոչինչ այս կյանքում չենք որոշում, որոշումա Աստված, ուրեմն Վիգենի համար Աստված որոշել էր էս կյանքը, էս ճակատագիրը:

Յանան քեռուս աղջիկն է, իր ամուսնու՝ Վիգենի հետ ծանոթացել էին Օդնոկլասսնիկի կայքով տարիներ առաջ, հանդիպել քույրիկիս՝ Մոսկվայից գալուց հետո, սիրահարվել, ու ամուսնացել, գնացին Մոսկվա, ծնվեց Տյոմկաաաան, ու ամեն ինչ լավ էր այնքան ժամանակ, մինչև 21 դարի ամենաչար հիվանդությունը չեկավ չկպավ Վիգենին, արյան լեյկոզ…

Մի օր հանկարծակի կոնտակտում հանդիպեցի գրառման Վիգենի մասին՝ իր ընկերներից մեկը խնդրում էր օգնել արյուն հանձնել Վիգենի համար, այնքան լավ խոսքեր էին գրած նրա մասին, ահավոր հուզվել էի, իմ ընկերներին էլ շնորհակալություն, որ իրանց էջերում գրեցին արյան հանձնման համար, անգամ օգնողներ եղան, շատ մարդիկ, շնորհակալություն նաև բոլորին, ովքեր ինչ որ մի կերպ երկարացրեցին Վիգենի կյանքը ու Յանայի հետ նրանք ունեցան իրանց երկորդ հրաշք բալիկին՝ Աննային:

Երբ Վիգենը հիվանդանոցում էր, զանգում էի, խոսում էինք, անգամ քիմիայից հետո միշտ ուրախ էր, ծիծաղացնում էր, երբեք չէիր ասի, որ ինքը հիվանդ է… իսկ Յանան երբեք հույսը չէր կոտրում, հավատում էր, օգնում էր, աջակցում էր, միշտ ասում էի, հալալա Յանային, ոնցա իրա ամուսնու համար, հղի վիճակում պայքարում, ինչքան ուժ ուներ ինքը, ինչքան հավատ…

Երեկ իմացա, որ Վիգենի օրգանիզմը բավականին երկար բուժումից, դեպի լավ գնալու որոշ ժամանակից հետո, էլ չի կարողացել դիմադրել, մի քանի շաբաթ առաջ անգամ իմացա, որ Վիգենը մի տեսակ հուսալքվել ու Եկեղեցի էր գնացել… երևի զգում էր…

Ու այսօր առավոտյան մամաս զանգեց, ու ասեց, որ Վիգենի սիրտը, որում այդքան սեր կա, որում այդքան հույս կար, այլևս չի դիմացել հիվանդությանը…

 

Ոչ մի խոսք, ոչ մի բառ հիմա չեն փարատելու նրա կնոջը, ծնողներին, ժամանակը անգամ ոչինչ չի բուժի, միայն մնալու են լավ հիշողություններ, Տյոմկան ու Աննչկան տարիներ հետո որ մեծանան, իմանալու են որ շատ լավ պապա են ունեցել, ու մենակ իրանց բալիկների համար Յանան հիմա իրա ամբողջ ուժը պետք է հավաքի:

Մենակ մի ցանկություն ունեմ, երբեք անտարբեր մի եղեք շրջապատի հանդեպ, երբեք մի ալարեք մի փոքրիկ գումարով, թեկուզ պարզապես ինֆորմացիա տարածելով օգնեք մարդկանց, եղեք ավելի բարի, գնահատեք այն ինչ ունեք, մանրուքների համար մի վիճեք ու մի նեղացեք իրարից, մի տառապեք անիմաստ խնդիրների համար, գնահատեք այն, ունեք ու եղեք Շնորհակալ Աստծուն, որ Դուք դա ունեք:

Օգնեք փրկել ուրիշների կյանքը, քանի որ թեկուզ կարճ ժամանակով երկարացնելով մեկի կյանքը, հնարավորություն ենք տալիս Վիգենի նման կյանք նվիրել ուրիշներին՝ իրենց բալիկներին…

 

0

Բոչելիի համերգը Երևանում: Ֆոտոներ

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքում ունեցան առիթ՝ լսելու իտալացի հանրաճանաչ տենոր Բոչելլի կենդանի կատարումները: Չնայած ես շաատ հեռու եմ Երևանից, և ահավոր զղջում եմ, որ ես բաց թողեցի այդ առիթը, սակայն կիսվում եմ նկարներով, որոնք նկարել է քույրիկս՝Աննան: )))))

 

0

“Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը

Տեր Հուսիկ  քահանա Սարգսյանը ծնվել  է 1986 թվականին Էջմիածին քաղաքում:

Ֆեյսբուքում նա ունի 1652 friend, ինձ հետ ընդհանուր` 59:

Նրա բլոգերը՝

http://sarkavag.blogspot.com/

http://www.manana-blog.blogspot.com/ (հեղինկաներից մեկը)

Ֆեյսբուքյան էջեր՝

Սարկավագագրքի էջը

Մանանա ծրագիր

  1. -Մանկությունը մեր կյանքի ամենաանհոգ շրջանն է, որքանո՞վ անհոգ էր այն Ձեր համար:

-Իսկապես մանկությունը անհոգ այն շրջանն էր, որի մասին երազկոտ ենք միշտ հիշում: Մի առակ կա այն մասին, թե ինչն է Աստծուն ամենաշատը զարմացնում մարդկանց մեջ: Ի թիվս մարդկային այլևայլ անհեթեթությունների, Աստված նշում է նաև. «զարմանալին այն է, որ մարդիկ քանի դեռ փոքր են, երազում են մեծ լինել, իսկ երբ մեծանում են երազում են վերստին մանկանալու մասին»: Իսկ մանկությունս անհոգ էր այնքանով, որքանով բախտ եմ ունեցել կողքիս ունենալու սիրող ու հոգատար հայր ու մայր, ովքեր կյանքի հարուցաց խոչընդոտներին հակառակ ջանացել են միշտ ապահովել իմ մանկական «կապույտ երկինքը»:

  1. -Դպրոցում կայի՞ն առարկաներ, որոնք այնքան սիրելի էին, որ միայն հինգեր էիք ստանում, թե գնահատակսնը կարևոր չէ՞ր:

-Վերջերս ինձ բռնացրեցի այն մտքի վար, որ ընդգծված սիրելի առարկաներ չեմ ունեցել: Գիտեմ միայն, որ չէի սիրում բնագիտական առարկաները (և այս պակասն ինձ այսօր շատ է խանգարում): Իսկ գնահատականները… Միշտ կշտամբվել եմ ուսուցիչներիս կողմից` գնահատականի համար չպայքարելու և ունեցածս գիտելիքներն ու կարողությունները ամբողջովին չներկայացնելու համար: Չնայած դրան գրեթե միշտ եղել եմ գերազանցիկ աշակերտների շարքում:

  1. -Ի՞նչ հիշողություններ ունեք պատանեկան անհոգ խենթություններից:

-Խենթություններ շատ են, բայց հենց հիմա մտաբերում եմ ձմեռային մի ուխտագնացություն Սևանա թերակղզուց դեպի դիմացի լեռան հակառակ կողմում գտնվող Մաշտոցներ սրբավայր: Երկար ճանապարհից խուսափելու համար, երիտասարդկան նախանձախնդրությամբ որոշեցինք բարձրանալ սարը և իջնել հակառակ կողմ, սակայն… Սևանի ցրտաշունչ ձմեռը մեզ ընդգրկեց սառցադաշտերի ու ձնաբքի մեջ: Շատ էինք սառել ու մի քիչ վախեցել, բայց, փառք Աստծուն, անվտանգ հասանք տեղ ու ետ վերադարձանք:

  1. -Ընկերասե՞ր դասարանցիներ եք եղել և արդյո՞ք պահպանում եք կապը նրանց հետ:

-Ավելի լավ կլիներ համադասարանցիներս պատասխանեին այս հարցին: Կարծում եմ, ընկերասեր եմ եղել, բայց կապը, հավանաբար կապված Սևանի Վազգենյան դպրանոցում 4 տարի ուսանելուս ու «փակ» ռեժիմի հետ, պահպանել այնքան էլ չի հաջողվել: Լավ է, որ կան սոցիալական ցանցերը և դրանցով հիմա քիչ թե շատ վերականգնվում են հարաբերությունները:

Read more »

0

Ամենուր գարուն է

Գարուն… Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ ու բարի է նաև այն ամենը, ինչին կարելի է գարուն անվանել: Երկար սպասված գարունն եկել է, իր ամբողջ գեղեցկությամբ ու հմայքով, ծաղկած ծառերով ու մեղուների բզզոցով: Քայլում ես առավոտյան ու ցանկություն չկա փողոցի ջերմությունը փոխարինել օֆիսային համակարգիչներով, ամեն ուր կանաչ է, մարդկանց դեմքին ժպիտներ, ամեն ինչ մի տեսակ ուրիշ է, ուրիշ չէ, գարնանային է, վիտամինային: Գարնանը գնած միրգն ու կանաչին անգամ ուրիշ համ ունեն, ու թե ինչու  միշտ գարուն չէ…

Նկարը` Արազ Սարգսյանի

 

Հիմա նայում եմ պատուհանից, դրսում սպորտ դպրոցի տղա երեխաները իրենց առաջին գարնանային բացօթյա մարզանքն են անում, թեթև հագնված, ժպիտները դեմքներին ու վճռական, փողոցների երկայնքով ինձ ամենուր ժպտում են իմ սիրելի կակաչները, աննկարագրելի գեղեցիկ ու գույնզգույն, անգամ մոտս դրանք բոլորը կտրելու ու իմ սենյակում դնելու ցանկություն է առաջանում, նարգիզները իրենց դեղինությամբ ու բույրով լցրել են սենյակս, քանի գարուն է, ուզում եմ զգամ դա ամենուր` փողոցում, տանը, աշխատավայրում, ու ամենակարևորը այն մի ամբողջ տարի պահել հոգուս մեջ, մինչև հաջորդ գարուն…

0

Անդրեա Բոչելլի: իրավաբան-տենոր

Իտալացի երգիչ, տենոր Անդրեա Բոչելլին ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 22-ին Տոսկանա նահանգի Լայատիկո գյուղում, որտեղ էլ անց է կացրել իր մանկությունը: Նա վաղ տարիքից տիրապետում է դաշնամուրին, ինչպես նաև ֆլեյտային և սաքսոֆոնին:

Բոչելլին դեռ փոքրուց ուներ տեսողության խնդիրներ, սակայն նա վերջնականապես կուրանում է 12 տարեկանում, երբ ֆուտբոլի ժամանակ նրա գլխին հարվածում են գնդակով:  Պատանի ժամանակ նա հաղթում է մի քանի վոկալային մրցույթներում, ինչպես նաև դառնում է  դպրոցական երգչախմբի մենակատար: Սակայն նա ավարտում է Իրավաբանական դպրոց և ստանում իրավաբանի դիպլոմ: Այդուհանդերձ, նրա երազանքը շարունակ է մնալ դառնալ աշխարհահռչակ տենոր, որի կատարման համար նա մեկնում է Տուրին: Այստեղ նա վեջնակապանես թողնում է իրավաբանի աշխատանքը, ցերեկները սովորում է երաժշտություն, իսկ գիշերները գումար վատսակում ռեստորաններում երգելով:

Read more »

0

Անդրեա Բոչելլին գալիս է Հայաստան

Այո, երկար կասկածներից հետո, լուրը ճշտվեց: Անդրեա Բոչելլի պաշտոնական կայքում արդեն կա Երևանում, ապրիլի 22-ին կայանալիք համերգի մասին տեղեկատվություն:

Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել իտալացի հայտնի երգչի ելույթը Ազատության հրապարակում: Շնորհավորում եմ երևանցի, դասական երաժշտության սիրահարներին:

0

Ներկում ենք Զատկի ձվերը

Շուտով, Ապրիլի 8, Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Զատիկը, իմ ամենասիրելի տոնը: Այս օրվանը ես մի տեսակ ուրիշ կերպ եմ սպասում, այն հրաշալի ու աննկարագրելի է ինձ համար: Իհարկե, անպայման պետք է հետևել Զատիկի եկեղեցական բոլոր կանոներին, հատկապես, որ այդ օրը ավարտվում է Մեծ Պահքը:

Բայց ես այսօր  ուզում եմ Ձեզ հետ կիսվել այն գեղեցիկ նկարներով, որոնք կօգնեն Ձեզ զարդարել Զատկի սեղանի ձվերը, ներկել դրանք ու նկարել, անպյաման միացրեք Ձեր վառ երևակայությունը ու ստեղծագործեք, ի դեպ ամբողջ ընտանիքով, այդ ավելի հրաշալի կդարձնի տոնի նախապատրաստական աշխատաննքերը:

Նկարներում ներկայացված ձվերը ներկված են սոխով, հատուկ ներկերով, նկարված են մանիկյուրով կամ սովորական ֆլոմաստերներով, կարող եք թղթեր կպցնելով կենդանիներ սարքել, անպայման ներկեք նաև լուրի ձու, շատ գեղեցիկ է ստացվում, կապեք բանտիկներ, կպցրեք քարեր, դեղին ձվերին նկարեք տարբեր սմայլիկներ, ներկելիս կապեք թելեր կամ կանաչու տերևներ, գրեք մաղթանքներ:

 

0

“Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Հասմիկ Չարխչյանը

Հասմիկ Չարխչյանը ծնվել  է 1977 թվականի Փետրվարի 28-ին Վանաշեն գյուղում:

 

Ֆեյսբուքում նա ունի 318 friend, ինձ հետ ընդհանուր` 79:

Նրա բլոգերը՝

http://hasmik-77.blogspot.com/ 

http://hasmiko.livejournal.com/

Ֆեյսբուքյան խումբ՝

https://www.facebook.com/pages/%D4%B3%D5%AB%D6%80%D6%84-2011-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A1%D5%A9%D5%B8%D5%B6/131966413541909

 

1. -Գյուղի մանկությունը իմ երազանքներից է, արդյոք քո մոտ այն անցե՞լ է այնքան հրաշալի, որ ես կարող եմ ևս մեկ անգամ երազել դրա մասին

-Մանկությանս հիշարժան  դրվագները հիմնականում ամառվա հետ են կապված: Դրանք իսկապես միայն գյուղին են բնորոշ. հարևանի այգուց արևածաղիկ գողանալ, ծառ բարձրանալ, միրգ ուտել անմիջապես ծառի վրայից, / ինչը երբեք չեմ թողնում իմ երեխաներին/, տանիքին ժամերով նստել քույրիկիս հետ, ծիրանի կորիզը շարել թելի վրա, հետո թաթախել ջեմի մեջ չորացնել ու ուտել/անմահական համ ունի/, գնալ մի ամբողջ օր բանջար հավաքելու, բորբոքելով մամայի բարկությունը, զբաղվել հողային գործերով` ցանել, ջրել , բերք հավաքել, երբեմն նույնիսկ կռիվ անել “ջրվորների հետ”/վերջերս պարզեցի, որ սա գյուղական բառ է/:Փողոցում խաղալ մինչև ուշ գիշեր, և դրա հետ կապված մի չգրված օրենք կար, մինչև բոլորը չգնային տուն, ես ու եղբայրս չէինք գնում, որովհետև երեխեքի խաղալու վայրը մեր տան դիմացն էր:

2.- Պատմիր մի փոքր քո՝ փոքր տարիքում դռան անցքից ֆիլմեր դիտելու սովորության մասին, և եթե կան նման այլ հետաքրքիր պատմություններ, կիսվիր մեզ հետ:

-Ֆիլմեր սկսեցի սիրել  ”Համաշխարհային կինոյի էջերից” հաղորդումից հետո, չնայած դրանք  նախատեսված էին մեծահասակների համար և հեռարձակվում էին բավականին ուշ ժամի:Որպես շարքային կումունիստական դարաշրջանի երեխա, մենք պետք է քնած լինեինք, սակայն  հաղորդման երաժշտությունը սկսելուն պես, ես տեղավորվում էի ննջարանի դռան մոտ, որպեսզի բաց չթողնեմ հերթական ֆիլմը:Իհարկե երբեմն մաման նկատում էր դա, և օրվա կինոդիտումս տապալվում էր:

Ամենատպավորիչ կոմեդիան “Կամակոր տղամարդու սանձահարումն” էր: Ոտքի վրա կանգնած` ես ծիծաղից ցնցվում էի, իսկ գինին ճզմելու պահին պարզապես պարելու բուռն ցանկությունից պայթում էի…

Read more »

0