“Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Արամ Հակոբյանը

Արամ Հակոբյանը ծնվել է 1978 թվականի Մարտի 12-ին Երևան քաղաքում:

Ֆեյսբուքում նա ունի 223 friend, ինձ հետ ընդհանուր` 55:

Նրա բլոգերը՝

Արխանգելոյի բլոգ՝  http://arxangelo.info

Հայկական քիմիական բլոգ՝  http://chemistry.am

Բլոգներ, որոնցում այժմ չի  գրում՝

arxangelo.wordpress.com

arxangelo.blogspot.com

arxangelo.blog.ru

Նրա Ֆեյսբուքյան  էջերը՝

http://www.facebook.com/arxangeloinfo

http://www.facebook.com/chemistryblog

 http://www.facebook.com/groups/armblogosphere/

1. -Արամ, արի սկսենք մանկությունից, մանկապարտեզից հիշողություններ կա՞ն

– Մանկապարտեզ չեմ գնացել և հետևաբար մանկապարտեզից հիշողություններ չունեմ: Իսկ մանկությունս վառ էր: Մանկությանս  ամենատպավորված հիշողությունը դա աշխարհի վառ ու պայծառ գույներն էին: Այժմ չկան այդ գույները՝ մի տեսակ խամրել են:

2. -Դու որոշ ժամանակ սովորել ես ԽՄ, պինոեր եղե՞լ ես:

–  Հասցրել եմ լինել և՛ հոկտեմբերիկ և՛ պիոներ: Ու ես մինչ այժմ համոզված եմ, որ անհրաժեշտ է աշակերտների համար ստեղծել նմանօրինակ  ինստիտուտ, քանի որ պիոներական շարժումը մարդուն շատ բան էր սովորեցնում, որից ամենակարևորը ինձ համար արժանապատվությունն ու մարդասիրությունն էր: Իսկ թե ում էին իրենց երգերում գովերգում պիոներները, դա երկրորդական բան էր:

3. – Դպրոցական տարիներին մարդամո՞տ ես եղել, ընկերասե՞ր, թե ինքնամփո՞փ:

– Չէ, ինքնամփոփ չեմ եղել: Չնայած դասարանի ամենափոքրամարմինն էի, բայց շատ չարաճճի էի: Այդ իսկ պատճառով դպրոցում սովորելուս տարիներին  4դասարան եմ փոխել: Շփվող եմ եղել:

4. – Դու շատ ես ստեղծագործում սիրո մասին, հաճախ ստատուսներ գրում, կհիշե՞ս առաջին սիրքո քո պատմությունը:

– Առաջին սերս դպրոցում էր՝ եթե չեմ սխալվում 5-6-րդ դասարաններում: Նրա անունը Լիլիթ էր (Լիլիթները կարծես ինձ համար ճակատագրական լինեն :Դ )՝ սիրունիկ աղջիկ էր: Իհարկե, այդ սերը մանկական սեր էր,  զուտ պլատոնական և ուրիշ ոչինչ: Բանաստեղծություններ այդ սիրուս չեն նվիրվել

5. – Ինչո՞ւ հենց քիմիա, ինչո՞ւ հենց համալսարան, արդյոք Հայրիկիդ մասնագիտությունը ազդեց քո ընտրության վրա:

Արամն ուսանողական տարիներին

– Ես մանկուց սիրել և միշտ ձգտել եմ դեպի արվեստներ՝ հատկապես գեղանկարչություն և դերասանական արվեստ: Սակայն երբ հայրս մահացավ (այն ժամանակ ես ընդամենը 14 տարեկան էի), ես ինքս ինձ երդում տվեցի, որ պետք է շարունակեմ հորս գործը: Իսկ հայրս Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետում գիտաշխատող և դասախոս էր: Սակայն փոքր էի և չէի հասկանում, որ բավական մեծ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա և հայրիկիս արած գործերը շատ ավելի մեծ էին, քան ես պատկերացնում էի:

6.- Արամ, պատմի՛ր մի փոքր ընտանիքիդ մասին:

– Ընտանիքս ավանդական (նշեմ, որ ավանդական բառից ես հպարտանում եմ, այլ ոչ թե խուսափում) հայկական ընտանիք է՝ մայրս, երկու գեղեցկուհի քույրերս և ես: Մի քույրս մեծ է ինձանից, իսկ մյուսը 11 տարի փոքր, այդ իսկ պատճառով իրեն ամբողջ ընտանիքով յուրահատուկ ենք վերաբերում: Ինքը մեր ընտանիքի “ամենասիրելին է” :

Արամը փոքր քրոջ հետ

7. – Արամ, արի առանձին խոսենք նաև հայրիկիդ մասին:

– Հայրիկիս մասին շատ երկար կարելի է խոսել: Ես հպարտանում եմ, որ իր զավակն եմ: Բացի օրինակելի հայր և ամուսին լինելուց, նա նաև մեծ հայրենասեր էր: Հայրենիքը նրա համար վեր էր ամեն ինչից: Բազմաթիվ հեղինակային գյուտերի հեղինակ՝ գյուտեր, որոնք այժմ կիրառվում են աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր բնագավառներում: Այդ գյուտերից մեկն էր նաև առաջին անգամ ամբողջ ադրկովկասյան շրջանում հրթիռների վառելանյութի սինթեզը, որը իր մեծ օգուտը բերեց Ղարաբաղյան պատերազմում: Այդ մասին ես հոդված ունեմ գրած, որը կոչվում է “Մեծ, բայց և անհայտ անուն” , որը կարող եք կարդալ այս հասցեով:

8. -Ես գիտեմ, որ դու երկու քույրիկ ունես, հե՞շտ է նրանց հետ լեզու գտնել:

– Դե, ինչպես և բոլոր կանանց հետ, լեզու գտնելը մի փոքր դժվար է, սակայն արդեն սովորել եմ:

9. – Բացի քիմիայից ու բլոգերությունից, էլ ի՞նչ նախասիրություններ ունես:

– Իմ տարերքը համակարգչային գրաֆիկան է: Ես այդ գործով զբաղվելուց մեծագույն հաճույք եմ ստանում և հանգստանում: Սակայն, ցավոք, ժամանակի սղությունը թույլ չի տալիս լիարժեք կցվել այդ գործին: Սիրում եմ նկարել, կարևոր չէ, լավ, թե վատ, կարևորը այն ինձ հանգստացնում է: Սակայն վաղուց արդեն չեմ նկարել: Չեմ պատկերացնում իմ կյանքը առանց երաժշտության: Շատ նախասիրություններ ունեմ, սակայն այժմ այդքանը որ նշեմ, շատ երկար կստացվի:

10.-  Ե՞րբ սիրեցիր ֆուտբոլը ու դարձար երկրպագու:

– Ֆուտբոլ սիրել և սկսել եմ հետաքրքրվել համեմատաբար ուշ` 2002թ.-ից, երկու լեգենդար ֆուտբոլիստի՝ Զինեդին Զիդանի և Բրազիլիացի Ռոնալդոյի շնորհիվ: Այդ երկու ֆուտբոլիստները ինձ համար կմնան որպես ամենալավ ու անգերազանցելի ֆուտբոլիստներ: Մադրիդի Ռեալի երկրպագու նույնպես դարձել եմ նրանց շնորհիվ:

11. -Հե՞շտ է լինել քո ընկերը:

-Չափազանց դժվար հարց եք տալիս: Կարծում եմ, ճիշտ կլիներ այդ հարցին իմ ընկերները պատասխանեին: Ըստ իս, այդքան էլ հեշտ չէ, քանի որ ես չափազանց բծախնդիր, նաև շուտ հիասթափվող մարդ եմ: Սակայն շատերն են նշում, որ հեշտ է ինձ հետ շփվել և ընկերություն անել: Չգիտեմ, երևի փորձեք հետաքրքրվել իմ ընկերներից :

12. – Հաստատ դու շատ ես ընթերցում, իսկ ո՞րն է քո ամենասիրելի գիրքը, որը ոչ մեկ անգամ ես կարդացել:

Հայկական Քիմիական բլոգի շնորհանդեսին

– Ճիշտն ասած, կարմրելով պետք է նշեմ, որ արդեն վաղուց մասնագիտական գրքերից բացի համարյա թե ուրիշ գիրք չեմ կարդում: Սակայն գեղարվեստական գրքեր շատ կան, որ սիրում եմ: Հատկապես սիրում եմ հայկական պատմավեպեր, արկածային գրականություն, ֆանտաստիկ: Իսկ ընդհանրապես գիրք, որը բազմակի անգամ ընթերցել եմ ու ընթերցում եմ՝  Գրիքոր Նարեկացու “Մատյան Ողբերգությանն է”՝ “Նարեկը”: Այս գիրքը ինձ համար վեր է գիրք հասկացողությունից: “Նարեկը”-ը միակ գիրքն է, որը կարդալուց զգում եմ, թե որքան բան է փոփոխվում իմ մեջ և որքան զորություն է նա իր մեջ պարունակում:

13.- Հայ տղամարդկանց հազվադեպ կարելի է տեսնել խոհանոցում, չնայած, որ նրանք կանանցից ավելի համեղ են պատրաստում, իսկ քե՞զ:

– Միայն այն դեպքում, երբ տանը մենակ եմ: Սիրում եմ տանը մենակ լինել ու այդ ժամանակ կարողանում եմ գլուխս պահել :

14. – Նարդի՞ ես սիրում խաղալ, թե շախմա՞տ:

– Չէ, շախմատ տանել չեմ կարողանում: Ես էությամբ բավական անհամբեր մարդ եմ, այդ իսկ պատճառով շախմատը իմ խաղը չէ: Խաղում եմ նարդի, սակայն հազվադեպ:

15. – Գո՞հ ես, որ Երևանում ես ապրում, թե ուրիշ քաղաքներ քեզ ավելի են գերում:

– Ճիշտն ասած երբեք չեմ կարողացել ինձ պատկերացնել Երևանից, Հայաստանից հեռու մեկ ուրիշ տեղ, սակայն այս վերջերս շատ հաճախակի եմ սկսել մտածել այդ մասին:

16. – Դու համացանցում հաճախ տխուր ստատուսներ ու նյութեր ես գրում, իրական կյանքում էլ ես տե՞նց, թե ավելի պոզիտի՞վ ես:

-Իրական կյանքում  էլ այդպիսին եմ ինչ-ինչ պատճառներով, սակայն ինձ հազվադեպ կարելի է տեսնել չժպտալուց և չկատակելուց: Առավելագույն կերպով փորձում եմ կոծկել տխրությունս ու հոգսերս, որպեսզի չծանրացնեմ ինձ շրջապատող մարդկանց: Սակայն համացանցում դա ինձ մոտ չի ստացվում: Կարծես համացանցում ես ավելի ես եմ, քան իրականում:

17. – Կենդանիներ սիրո՞ւմ ես:

– Շատ: Ես երբ ծնվել եմ, մեր տանը շունիկ է եղել, և կարծում եմ դա է պատճառը, որ շների հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունեմ: Ասեմ ավելին, ոչ մի կերպ չեմ կարողանում ընդունել ու հասկանալ, որ կենդանիներին համարում են գիտակցություն չունեցող արարածներ, և իբր նրանց մոտ ամեն ինչ բնազդաբար է: Կարծում եմ, այն մարդը, որը որևէ կենդանի երբևէ պահել է, այդ վարկածը չի կարող ընդունել: Ի դեպ, այս վերջերս մի լուր եմ տեղադրել իմ բլոգում, որտեղ նշվում է, որ շուտով դելֆիններին և կետերին ուզում են անձնավորել՝ այսինքն համարել նրանց լիարժեք անձ:

18. – Մի հատ շատ զվարճալի դեպք պամտի՛ր քո կյանքից:

– Վայ այդպիսի դեպքեր այնքան շատ են, սակայն կոնկրետ մեկը այժմ հիշել դժվարանում եմ, կներեք:

19. – Ես գիտեմ, որ դու նաև դասախոսում ես, հե՞շտ է լեզու գտնել այսօրվա սերնդի հետ:

աշխատակիցների հետ

– Գիտեք,  այսօրվա սերունդը մի տեսակ ավելի էգոցենտրիկ, քմահաճ և ավելի դժվար համոզվող է, սակայն նրանք շատ ավելի մեծ ներքին պոտենցիալ ունեն: Իսկ լեզու գտնել, կարծում եմ, հնարավոր է յուրաքանչյուր մարդու հետ, եթե նա չի կորցրել իր մեջ վերջին մարդկայնությունը: Ուղղակի պետք է նաև մի փոքր հարմարվել նրանց բնավորության հետ:

20. – Ինչի՞ց կարող ես ահավոր նյարդայնանալ, այսպես ասած, նեռվայնանալ:

– Շատ բաներ կան, որ ինձ կարող են նյարդայնացնել, ու ես հաճախակի եմ նյարդայնանում: Հունից դուրս եմ գալիս, երբ անարդարություն եմ նկատում…

21. – Ինտերնետում ամենաշատը ի՞նչ ես կարդում:

– Ինտերնետում մեծ մասամբ կարդում եմ ՏՏ նորություններ և լուրեր:

22.- Եթե հենց այսօր քեզ ճանապարհորդության հրավիրերին, ո՞ւր կցանկանայիր գնալ:

– Օ՜, երազում եմ լինել Մադրիդում, ու գոնե կյանքում մեկ անգամ գտնվել “Սանտիագո Բեռնաբեու” մարզադաշտում, իմ սիրած ֆուտբոլային ակումբի՝ Մադրիդի Ռեալի խաղին: Այնուհետև երազում եմ նաև գեթ մեկ անգամ լինել Իբիցայում :

23. -Կա՞ մասնագիտություն, որ երբեք չէիր ցանկանա քոնը լիներ:

– Կան, երբեք չեմ կարողացել ինձ պատկերացնել որևէ արհեստում ու հիմնականում արհեստներ, որոնք սերտ կապ ունեն կեղտոտվելու հետ: Տանել չեմ կարողանում փոշի, յուղ, մի խոսքով չեմ սիրում կեղտոտվել:

24.- Աստծուն հավատո՞ւմ ես:

– Միանշանակ, հավատում եմ Աստծուն, սակայն չեմ հավատում կրոնին: Կրոն և հավատք  լրիվ այլ բաներ են:

25. Ի՞նչ կցանկանայիր փոխել հենց հիմա, հենց այս վայրկյանին:

– Չափազանց շատ բան կփոխեի, այնքան շատ, որ այժմ անհնար է այստեղ այդքանը նշելը…

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to ““Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Արամ Հակոբյանը”

  1. aklambosti says:

    Շատ հետաքրքիր հարցազրույց ու շատ լավ միտք Արաքս Ջան :)

Leave a Reply

You must be logged in to post a comment.