Ավիավթարները իրենց սպասեցնել չեն տալիս

 

Ավիավթարները այսօր ընդամենը մի քանի ամիս դադար են վերցնում: Չենք հասնում սգալ “հերթական” զոհերի համար, մեկ էլ աշխարհի որևէ այլ կետում նորից վթար, ավելի վատը, ավելի շատ զոհերով, ավելի դաժան:

Վատ լուրերի պակաս չունենք, դրանք գալիս են հաճախ, իրենց ճանապարհին անգամ փոքր Հայաստանը չեն մոռանում այցելել: Ավիավթարներ մենք էլ ենք տեսել, ու արդեն երկուսը…

Ո՞ւմ պատճառով, ինչո՞ւ, արդյո՞ք դա մարդու ճակատագիր է, թե պարզապես դաժան պատահականություն, այս հարցը ես միշտ ինքս ինձ տալիս եմ ու դա այն հարցն է, որ պատասխան չունի: Արդյոք հնարավոր չէ՞ տրանսպորտային միջոցները մինչև շահագործելը ստուգել, ո՞ւմ է ձեռնտու գումար վաստակել մարդկային կյանքի հաշվին, արդյո՞ք հեշտ է ապրել, երբ քո սեփական հաճույքների բավարարման համար ծախսված գումարի վրա տասնյակ մարդկանց արյուն է …

Իհարկե, յուրաքանչյուր երկրի նախագահ երկու տողանոց ցավակցությունից հետո անցնում է փոհատուցման գումարի քանակը ասելուն, ում է պետք այդ գումարը, գիտե՞ն, թե մի միլիոն ռուբլին կփոխարինի հարազատին, թե այդ տասնյակ միլիոնները չի կարելի նախօրոք ծախսել ու նորմալ տեխնիկական վիճակի բերել տրանսպորտային համակարգը, ո՞ւմ են պետք տասնյակ զոհերից հետո երկու պատժված պատասխանատուների մասին հայտարարությունները, ո՞ւմ է պետք այն, որ ընկերության նախագահը 20 տարի բանտում իր համար կապրի, կուտի, կքնի, կերազի, երբ մարդիկ իրենց սեփական ձեռքերով իրենց երեխաների այրված մարմիններն են հանձնում հողին, իրենց երեխաներին, ովքեր չեն ապրելու, չեն ուտելու, չեն  քնելու ու չեն երազելու…

Ինչո՞ւ այս հարցերը տանջում են մեզ` սովորական մահկանացուներիս, բայց չեն տանջում միլիարդավոր բյուջե ունեցող երկրների նախագահներին…

Ու երեկ տեղի ունեցավ հերթական ավիավթարը, զոհվեցին տասնյակ երիտասարդներ, ու ի՞նչ, նորից նույն սցենարը` ծաղիկներ ու մոմեր զոհերի հիշատակին առնվազն երեք օր, լրագրողների կողմից կատարված մի քանի սրտաճմլիկ ֆոտոներ, կադրեր ավիավթարի վայրից, փոխհատուցում ընտանիքներին, մի քանի հեռուստաալիքների ռեյտինգի բարձրացում զոհվածների մասին հաղորդումներ ցուցադրելուց հետո, ու մեկ էլ հաջորդ տարի նորից մի քանի տող հիշեցում, որ մեկ տարի առաջ ինչ տեղի ունեցավ:

Իսկ հիմա վարագույրներից այն կողմ` զավակներին կորցրած ծնողներ, կյանքի շարունակության մեջ իմաստ չտեսնող հարազատներ, ու մի մեծ ցավ, որը ամեն օր գնալով կավելանա, ու ավելի կցավացնի…

Չեմ սիրում անպատասխան հարցեր…


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.