Իմ դիլիջանյան մանկությունը

Ես ծնվել և մեծացել եմ, անհամեստ չթվա, բայց Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Դիլիջանում: Քաղաքիս աննկարագրելի գեղեցկությունը ես ավելի շատ գնահատեցի, երբ տեղափոխվեցի Երևան ու սկսեցի լսել մարդկանց գովքը իմ ծննդավայրի մասին, հետո էլ ավելի մեծացա ու էլ ավելի զգացի, որ այն չքնաղ է:

Ես մեծացել եմ Դիլիջան քաղաքի այն հատվածում, որը ժամանակին եղել է որսատեղի, այն գտնվում է քաղաքից բավականին հեռու, սարերի վրա, եթե եղել եք Ջուխտակ վանքերում, ապա մի քիչ այն կողմ, անտառների մեջ էլ մեր թաղամասն է, որը հիմնականում բաղկացած էր  6 հատ  9 հարկանի շենքերից ու մի քանի հատ  3 հարկանի ՄՈԼԴՈՎԱԿԱՆ կոչվող շենքերից, որոնք կառուցել էին մոլդովացիները: Ասում են, հիմա այնտեղ նոր էլիտար թաղամաս են կառուցում…

մեր շենքերը քաղաի կենտրոնից

Մանկությունս հրաշալի է անցել, դե պատկերացրեք այդ բոլոր շենքերի երեխաները հավաքվեն մի տեղ ու խաղան, մեր խաղերը բազմազան էի, պարան, կռուգավոյ (Երևանի լեզվով՝ գործագործ), 50 պաբեդա, 7  ու 15 քարեր, Կարմիր Մոսկվա, երեկոյան ժամերի պախկվոցի (Երևանի լեզվով՝ պահմտոցի), պպզովի Լոյվա, գետնից բարձր, բռնոցի: Ամառը շենքերի դիմացի հատվածները գունավոր թղթերի ներքո վերածվում էին ճամբարների, որտեղ հավաքված հանդիսատես ծնողների համար ելույթ էին ունեննում բակի տաղանդաշատ  երեխաները:

Խաղերի մեջ կային բաժանումներ, մեծեր ու փոքրեր, մեծերը իմ քույրիկների հասակակիցներն էին, փոքրերը մենք: Հաճախ հայրիկիս խիստ նկատողությունից հետո, իմ անմիջական դերասանական բողոքից հետո, քույրիկներիցս Զառան կանգնում էր երկընտրանքի առջև՝  կամ չխաղալ կամ ինձ էլ խաղացնել մեծերի հետ: Ու դա նա անում էր խիստ ջղայն հայացքով ու ձեռքիցս բռնած տանելով իր հետ:

իմ մանկության ընկերուհիները դաշտում, որը ամռան վերջին ամբողջությամբ պատվում էր երիցուկներով ու կակաչներով

Մենք, չնայած որ ամբողջ օրը բակում էինք, ծնողների հսկողությունը հրաշալի ապահովել էին շենքը կառուցող ճարտարապետները: Դեպի բակ նայող հատվածում բոլոր շենքերը ունեին մեր լեզվով ասած, շատ հարմարավետ Օբշիյ բալկոններ, որտեղ էլ ծնողները հավաքում էին ու հետևում մեզ: Այդ բալկոններից շատ հաճախ մենք չարաճճիություններ էինք անում, երբ բակ էին գալիս միրգ կամ բանջարեղեն ծախող մեքենաները ու մենք հումորներիս զոռ տալով գոռում էինք՝ վարունգի մետր ինչ արժի ու թաքնվում, դա մեզ այն ժամանակ զվարճացնում էր:

Ամենահետաքրքիրը ձմռանն էր, երբ շենքի սակավաթիվ սանկա ունեցողները իրանց սպորտային ատրիբուտիկան կապում էին իրար , բոլորով նստում էինք ու սարից իջնում քաղաք: Քանի որ մենք ապրում էինք սարի վրա, ապա մեր մոտ Դիլիջանի լեզվով ասախ դիքերը շատ էին ու ձմեռային սպորտաձևերի համար իդեալական: Սակայն սահնակների սակավաթիվության պատճառով մենք գտել էինք լուծում, երկար ցելոֆանե կտորների վրա նստում էինք մի տաս տասնհինգ հոգով ու իջնում քաղաք, իջնելուց դա շատ քիչ էր տևում, հետ գալուց մի կես ժամից ավել բարձրանում էինք: Երեկոյան տուն էինք գալիս  սառաց ու լրիվ թրջված, բայց երջանիկ:

Ամառվա բացվելուն պես մենք   ճանապարհ էինք բռնում դեպի անտառներ, չէինք վախում ոչ գայլերից, ոչ արջերից, որոնք մեր անտառներում քիչ չէին: Անտառը մեզ կերակրում էր, հավաքում էինք տարբեր տեսակի խոտեր, որոնք մեր սեղանները զարդարում էի տապակա կարգավիճակով կամ կարկանդակի մեջ կամ ապուրի, մորի, մոշ, վայրի խնձոր ու տանձ, պնդուկ: Անտառից նաև փայտ էինք բերում, հին, կոտրտված ճյուղեր կամ կտրած չպետքական թողնված հատվածներ: Բայց այս ամենի մեջ հրաշալին բնության գեղեցկություն էր, լռությունը, քո նրա մի մասնիկը զգալը, կանաչն ու ծառերի հզորությունը: Աննկարագրելի համ ուներ անտառի սարից եկող ջուրը, սառը ու համով:  Իսկ ահա բազմատեսակ ծաղիկներից փնջերը զարդարում էին մեր տները, դրանք չքնաղ էին, անգամ անուններով՝ լալազար, փրփուր, երիցուկ(բացի մեկից, որը չգիտես ինչու ստացել էր այնպիսի անուն, որ անգամ փոքր ժամանակ բարձր չէինք ասում):

Մանկության հուշերից ամենավառը նաև լավ հարևաններ ունենան էր, մեր ինը հարկանի շենքի ոչ մի տան դուռ կողպեքով փակ չէր լինում ցերեկները: Մենք բոլորս իրար հետ ապրում էինք համերաշխ, միասին քեֆեր անելով, անտառ գնալով: Էտ միասին լինելու ամենավառ օրինակը Վարդավառի տոնն էր, երբ ամբողջ շենքը մի շաբաթ չորանում էր, տնից դուրս չեկողները հայտնվում էին հարևանների վանաների մեջ, վերևից ներքև լցվում էին դույլերով ջուր, հետո մի հատ էլ բոլորս հատուկ իջնում էինք բակ, մի անգամ էլ ջրվելու, ու դրան մասնակցում էին բոլորը՝ մեծից փոքր:

Ու հիմա իմ մանկությունը միայն հուշերիս մեջ է, սակայն ես գոհ ու եջրանիկ եմ, որ գոնե հիշելու նման մանկություն ունեմ, ու դեռ շատ բան պատմելու ու փոխանցելու եկող սերնդին:

Մանկություն, դու հրաշալի ես …

 

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.