Երբեք չեմ մոռանա Եռաբլուրը պատերազմի տարիներին

Այսօր հաղթանակի օրն է, հայ ժողովրդի համար կրկնակի հաղթանակի օր: Ես այս օրը անձամբ հպարտանալու շատ տեղ ունեմ, իմ երկու պապիկները, տատիկս մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, իսկ մորաքրոջս որդին զոհվել է Ղարաբաղյան պատերազմում: Երբեք չեմ մոռանա Եռաբլուրը պատերազմի տարիներին, ես փոքր էի, բայց ականջիս մեջ դեռ լսվում են մեծերի խոսակցությունները` օրական մի քանի տասնյակ զոհեր են բերում…. էս ինչքան թաղում կա….. էս ինչ ահավոր է…. Եռաբլուրում լացող ծնողների ու զոհվածների այլ հարազատների լացը մինչև հիմա լսվում է մեջս, խունկի հոտը դեռ զգում եմ, Եռաբլուրի խունկի հոտը, այն ուրիշ է…

Մայրական պապիկս ու տատիկս

Այդ հիշողությունները ահավոր են, բայց մենք պետք է հպարտ լինենք, որ մեր հայ ժողովուրդը նման զավակներ է տվել, ովքեր, առանց խնայելու սեփական կյանքը, գնացին պատերազմի դաշտ ու զոհվեցին:

Մորաքրոջս տղան բանակից ազատված էր, օրենքով նա չպետք է ծառայեր, քանի որ իր երկու հարազատ եղբայրները ծառայած էին, սակայն նա դրան չկանգնացրեց, մորաքույրս մի քանի անգամ նրա դիմումը հետ էր վերցրել Վայենկոմատից, բայց վերջին անգամ մենք նրա բանակ գնալու մասին իմացանք արդեն, երբ ուշ էր, ինքն արդեն ճակատամարտում էր: Երբեք չեմ մոռանա նաև այն օրը, երբ գիշերը զանգեց մեր տան հեռախոսը, այդ օրվանից ատում եմ գիշերային զանգերը… մորաքրոջս մեծ տղան էր… մենակ ասեցին …Կարենը, ու վերջ:

Հիմա գրում եմ ու հիշում ոնց էին քույրիկներս  մեզ հարազատ եղբայր դարձած Կարենի հետ սեղանի շուրջ նստած խաղում, իսկ ես պուճուր մուճուր կողքները ֆռֆռում էի…ափսոս շատ քիչ հիշողություններ ունեմ… բայց հպարտ եմ, որ նման եղբայր եմ ունեցել, այդ զգացողությունները հակասական են, տխրում ես, զայրանում, անընդհատ մտածում, մեղադրում, բայց և հպարտանում:

Դպրոցում մի օր շարադրություն էին հանձնարարել “Իմ պապիկը” թեմայով:  Ես ոչ մի տող չգրեցի, վերցրեցի հայրական պապիկիս մասին թերթում գրված հոդվածը, մայրական պապիկիս մասին գրքում գրված նյութն ու դպրոցում կարդացի: Նենց հպարտ էի ու նենց հուզված: Ու իսկապես ես հպարտ եմ:

Հաստատ, յուրաքանչյուր ՀԱՅ ընտանիքում կլինեն պատերազմ տեսած, կապ չունի Հայրենական, թե Ղարաբաղյան , մարդիկ: Հպարտացեք նրանց անցյալով ու սխրանքներով, փայփայեք նրանց, ովքեր Ձեզ հետ են, ու եկեք ամբողջ ազգով մեկ աղոթենք, որ մեր հողն ու մեր ազգը այլևս չտեսնեն ՊԱՏԵՐԱԶՄ:


Both comments and pings are currently closed.

One Response to “Երբեք չեմ մոռանա Եռաբլուրը պատերազմի տարիներին”