Հասմիկ Չարխչյանը ծնվել է 1977 թվականի Փետրվարի 28-ին Վանաշեն գյուղում:
Ֆեյսբուքում նա ունի 318 friend, ինձ հետ ընդհանուր` 79:
Նրա բլոգերը՝
http://hasmik-77.blogspot.com/
http://hasmiko.livejournal.com/
Ֆեյսբուքյան խումբ՝
1. -Գյուղի մանկությունը իմ երազանքներից է, արդյոք քո մոտ այն անցե՞լ է այնքան հրաշալի, որ ես կարող եմ ևս մեկ անգամ երազել դրա մասին
-Մանկությանս հիշարժան դրվագները հիմնականում ամառվա հետ են կապված: Դրանք իսկապես միայն գյուղին են բնորոշ. հարևանի այգուց արևածաղիկ գողանալ, ծառ բարձրանալ, միրգ ուտել անմիջապես ծառի վրայից, / ինչը երբեք չեմ թողնում իմ երեխաներին/, տանիքին ժամերով նստել քույրիկիս հետ, ծիրանի կորիզը շարել թելի վրա, հետո թաթախել ջեմի մեջ չորացնել ու ուտել/անմահական համ ունի/, գնալ մի ամբողջ օր բանջար հավաքելու, բորբոքելով մամայի բարկությունը, զբաղվել հողային գործերով` ցանել, ջրել , բերք հավաքել, երբեմն նույնիսկ կռիվ անել “ջրվորների հետ”/վերջերս պարզեցի, որ սա գյուղական բառ է/:Փողոցում խաղալ մինչև ուշ գիշեր, և դրա հետ կապված մի չգրված օրենք կար, մինչև բոլորը չգնային տուն, ես ու եղբայրս չէինք գնում, որովհետև երեխեքի խաղալու վայրը մեր տան դիմացն էր:
2.- Պատմիր մի փոքր քո՝ փոքր տարիքում դռան անցքից ֆիլմեր դիտելու սովորության մասին, և եթե կան նման այլ հետաքրքիր պատմություններ, կիսվիր մեզ հետ:
-Ֆիլմեր սկսեցի սիրել ”Համաշխարհային կինոյի էջերից” հաղորդումից հետո, չնայած դրանք նախատեսված էին մեծահասակների համար և հեռարձակվում էին բավականին ուշ ժամի:Որպես շարքային կումունիստական դարաշրջանի երեխա, մենք պետք է քնած լինեինք, սակայն հաղորդման երաժշտությունը սկսելուն պես, ես տեղավորվում էի ննջարանի դռան մոտ, որպեսզի բաց չթողնեմ հերթական ֆիլմը:Իհարկե երբեմն մաման նկատում էր դա, և օրվա կինոդիտումս տապալվում էր:
Ամենատպավորիչ կոմեդիան “Կամակոր տղամարդու սանձահարումն” էր: Ոտքի վրա կանգնած` ես ծիծաղից ցնցվում էի, իսկ գինին ճզմելու պահին պարզապես պարելու բուռն ցանկությունից պայթում էի…
Ամենաազդեցիկ տրագեդիկ ֆիլմը ”Հին հրացանն” էր, որտեղ ընտանիքի հայրը պետք է վրեժխնդիր լիներ՝ գերմանացիներից իր կնոջն ու երեխային սպանելու համար: Չնայած, որ բավականին սառնարյուն էի այդ տարիքում, ֆիլմը դիտելիս հոգիս տակնուվրա եղավ: Ողբում էի անգամ ֆիլմը վերջանալուց հետո…
3. -Ես ինքս ուսուցչի երեխա եմ, և դպրոցում դա ինչքան որ հաճելի է նաև պարտավորեցնող է, իսկ ինչպե՞ս է քեզ մոտ դա ընթացել, ես գիտեմ, որ քո մայրը նույնպես ուսուցչուհի է:
-Ես դեռ փոքր տարիքում հասկացա, որ դա մեծ պարտականություն էր, ու աշխատում էի մամայիս անհարմար դրության մեջ չդնեի: Կարող եմ ասել մամաս հատկապես իմ նկատմամբ ավելի շատ “ուսուցիչ” է եղել, քան մամա :Լավ սովորող երեխա էի, հաջողություններս ուրախացնում էին մամայիս, բայց ինքը երբեք դրանք չէր քննարկում:Իմ մոտ միշտ այն զգացողությունն է եղել, թե ես պետք է անեմ ավելին՝ մամային գոհացնելու համար: Իհարկե, բարձր դասարաններում իմ պես խելոք երեխայի մոտ նույնպես եղել են դասերից փախչելու դեպքեր, սակայն ես դա անում էի այն ժամանակ, երբ ծնողներս Հայաստանից բացակայում էին:Մամային պարտական եմ հայերենիս համար:
4. -Ե՞րբ հասկացար, որ օտար լեզուներն այն է, ինչ դու կարող ես սիրել ամբողջ կյանքի ընթացում, և կցեցիր քեզ որպես մի մաս:
-Առհաարակ լեզվի նկատմամբ իմ թուլությունը ես զգում էի Գյումրի, Արտաշատ, Սևան գնալիս, երբ, մեկ օր էլ չանցած, կրկնօրինակում էի տեղի բարբառը` չտարբերվելով տեղաբնակից: Միջին դասարաններում, երբ հաճախում էի երաժշտական դպրոց, որոշել էի երաժիշտ դառնալ, սակայն դարձա միայն դպրոցական շարադրություններում, հետո անգլերենս հաղթեց երաժշտությանը: Անգլերեն սովորելու ցանկությունս խորացրեց հիփ-հոփ երաժշտությունը, հետո R&B-ն:
5.-Դու այս խորագրի առաջի հյուրն ես, ում տալիս եմ նման հարց, պատմիր, ինչպե՞ս ծանոթացար ամուսնուդ հետ, կամ ինչպե՞ս ստացվեց Ձեզ մոտ ստեղծել ամուսնական զույգ:
-Ամուսինս ու ես ապրել ենք նույն փողոցում, որտեղ անցել է մանկությանս մի մասը: Սամվելը առանձնապես երեխաներ չէր սիրում, ու չնայած նրան, որ ես իրենց տանը հաճախակի էի լինում որպես հարևան “փոքր երեխա”, նա ինձանով երբեք չի հիացել, կամ խաղացել ինձ հետ: /Ինձանից 11 տարի մեծ է/:
Նույնիսկ մանկությանս հիշողություններից մեկն էլ նա է, որ երբ իրենց բակի բալենու պտուղը հասնում էր, մենք փողոցի երեխաներով կախվում էինք իրենց ճյուղերից ու ապականում էինք ծառը:Ու, երբ պատշգամբ էր դուրս գալիս բոբո ձյաձյա Սամվելը, բոլորս փախչում էինք, որովհետև իր դեմքն այդ պահին սահմռկեցուցիչ էր:
Տարիներ անց, երբ ես իրեն պատմում էի այդ մասին, բազմանշանակ ժպտում էր:
Փաստը, որ Սամվելի ցանկություն ունի ամուսնանալ ինձ հետ, ապշեցրեց… բայց երկար չմնացի այդպես ապշած: Լինելով 20 տարեկան աղջնակ, ես մշակել էի սկզբունք, որ ամուսինս ինձանից պետք է բավականին մեծ լինի: Իհարկե մայրիկիս համոզելու ֆունկցիան նույնպես գործի դրվեց, և տեղի ունեցավ մեր ամուսնությունը:
6. -Ես կարդացել եմ, որ դուք ձեր մեղրամիսը անց եք կացրել Իտալիայում, մի քանի հետաքրքիր դրվագ կհիշե՞ս այդ ժամանակից:
-Մեղրամսից առաջ ես ևս մեկ անգամ եղել էի Իտալիայում ծնողներիս հետ: Եվ, երբ որոշվեց նորից գնալ, ես չափազանց ուրախ էի: Սիրում եմ Իտալիան, իտալացիներին, մի տեսակ նմանեցնում եմ նրանց հայերին:
Մենք մեկնեցինք ռուսական խմբի հետ, որոնք մեկ շաբաթ հետո լքեցին մեզ, իսկ մենք դեռ պետք է մնայինք Սորենտո քաղաքում, որտեղից ես ու Սամվելը պարբերաբար գնացքով մեկնում էինք Նեապոլ:Մի անգամ էլ ետդարձի տոմս գնելիս մեզ խաբեցին , ու մենք ստիպված մի քանի ժամ ևս մնացինք Նեապոլում և Սորենտո վերադարձանք ուշ գիշերը:Հետո երկուսս էլ հյուրանոցում խոստովանեցինք, որ դա մեծ ռիսկի հետ էր կապված:
Հիշարժան դեպքերից մեկը Վենետիկի Սբ. Ղազար կղզի մեկնելն էր, որը ստացվեց շատ պատահական:(Ահա այստեղ կարող եք մանրամասն կարդալ դրա մասին:) : Չեմ մոռանում նաև այն, որ Վատիկանում Սիքստինյան մատուռը և թանգարանի 4 սրահները ժամանակի սղության պատճառով նայել ենք վազքով, որը, ինչ խոսք, դյուրին գործ չէր:Այնտեղ հիմնականում առաստաղներն են նկարազարդած:
7. -Էլ ո՞ր երկրներում եք եղել Սամվելի հետ:
- Միայն Իտալիում ենք եղել միասին:Իսկ ծնողներիս հետ շատ եմ ճամփորդել: Երազում եմ երեխաներիս հետ ճամփորդության մասին:
8. -Ինչպիսի՞ զգացողություններ ունեիր, երբ իմացար որ մայր ես դառնալու, գիտեմ, դրանք անհնար է փոխանցել, բայց գոնե մի քանի բառով փորձեիր:
- Ոգևորվել էի շատ :Ցանկացած կնոջ համար հետաքրքիր է, թե իր երեխան ինչպիսին կլինի: Ես հարազատներին նայելով, արդեն ներշնչել էի, որ նա պետք է ունենա կապույտ աչքեր/հորաքրոջ գեն/, նեղ աչքեր /հայրիկի գեն/, բաց շագանակագույն մազեր/2 կողմի գեն/,չլինի թուխ մաշկով/ իմ գեն/, չլինի սև մազերով/ իմ գեն/: Ներքին համոզվածություն կար, որ տղա եմ ունենալու:Ու երբ ծնվեց, ես, որ երջանիկ էի: Իսկ երբ մեկ տարեկանում սկսեց հասկանալով ինձ “մամա” դիմել, գլուխս կորցնում էի, դա աննկարագրելի զգացողություն էր: Հասկացա, թե ինչում եմ ծնվել….
9. -Տղա ունենալը շատ պատասխանատու է, պատմիր մի փոքր Հարութի մասին:
-Հարութը թինեյջերական տարիքում է հիմա:Բնավորությունը նոր է ձևավորվում: Զուսպ է, խելացի, լուրջ, հանրագիտարաններ ու թեմատիկ գրքեր է կարդում, շատ է սիրում աշխարհագրություն: Իմ ու նրա հարաբերությունները ավելին են, քան մամա ու որդի: Մենք ընկերներ ենք, սիրում ենք տարբեր թեմաներով զրուցել, երբեմն նաև խենթություններ ենք անում: Ես զգում եմ, որ նա իր նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է պահանջում ինձանից, և ավելի անկեղծ ու ազատ է ինձ հետ, քանի որ Սամվելն ավելի խիստ է իր նկատմամբ:
10.- Հաջորդը դստեր ունենալու լուրն էր, նախօրոք գիտեիք,որ աղջիկ եք ունենալու, թե անակնկալ էր:
-Այն որ աղջիկ եմ ունենալու, իմացա ծնվելուց 3 ամիս առաջ: Անընդհատ մտքումս կրկնում էի ”ես աղջկա մամ եմ լինելու”, ու երբ ծնվեց, երջանկությունից խենթանում էի: Էլենը մեծ դրական էներգիա ունի: Ես նրանով լիցքավորվում եմ: Մենք պայմանավորվածություն ունենք, երբ ես շատ հոգնած եմ լինում, պինդ գրկում եմ իրեն: Ինքն ինձ է փոխանցում իր դրական լիցքերը` հեռացնելով հոգնածությունս ու թուլությունը:
11. -Ինչպե՞ս եք ընտրել նրանց անունները:
- Հարութի անունը իր պապիկինն է: Իսկ Էլենի անվան հետ կապված երկար ժամանակ չէինք կողմնորոշվում: Հետո քույրիկները թղթերի վրա գրել էին անուններ, ընտրել էին 2ը` Էլեն, Իռեն: Գիտակցելով, որ Իռենը հայերենով կգրվի Իրեն, ես մտածեցի, որ երեխան ավելի շատ կունենա դերանուն, և ոչ թե անուն, և վերջնականապես որոշվեց Էլենը:
12. -Այժմ կցանկանայի, որ պատմեիր մեզ քո ընտանիքի մասին:
-Տիպիկ հայկական ընտանիք՝ հիմնված սիրո, փոխընբռնման, հարգանքի ու վստահության վրա, որը հրճվանք է պատճառում Էլենին, և նա առիթը բաց չի թողնում օրվա մեջ մի քանի անգամ համբուրել իր մամային ու պապային, ցույց տալ, որ ամենալավ ընտանիքը մերն է: Մնացած բոլորս ավելի զուսպ ենք ուրախանում մեր ընտանիք հասկացության վրա: Ես 2 հրաշալի ընտանիքի մոդել եմ ունեցել և հիմա ձգտում եմ, որ իմ ընտանիքը նույնպես դառնա այդպիսին/ ծնողներիս և ամուսնուս եղբոր ընտանիքը, ում հետ ես ապրել եմ 13 տարի/:
Ընտանիքը բացի առօրյա հոգսերից պետք է ունենա նաև ավանդույթներ: Դրանց պետք են ներդրումներ և էներգիա , հենց այնպես դրանք ի հայտ չեն գալիս: Ես պարզապես փափագում եմ, որ բոլորս լինենք առողջ ու հնարավորինս երկար վայելենք մենք միմյանց ներկայությունը մեր փոքրիկ ընտանիքում:
Ծնողներս իմ հպարտությունն են:
Երբ երեխա էի, միշտ երկմտանքների մեջ էի, թե իրենցից ով է ավելի լավը: Թե ինչն էր դրա իմաստը, չեմ հասկանում: Հետո հասկացա, որ նրանք լրացնում են միմյանց: Հրաշք ընտանիք էր, սիրում էինք ճամփորդել, ավանդույթներ ունեինք,ափսոսում եմ, որ 20 տարեկանում լքեցի այդ ընտանիքը :Դ:Դ:Դ:Դ:Դ:Դ, Հայրս ինժեներ է մասնագիտությամբ, ներկայումս` շինարար: Մեր գյուղում և շրջակա գյուղերում շատ տներ է կառուցել, Թումանյանի “իմ պապի” ն շատ եմ նմանեցնում: Մայրիկս էլ լավ բանասեր է, զուսպ , համբերատար, լուրջ, իր գործի գիտակ: Շրջանում հայտնի է որպես լավ կրկնուսույց (репетитор): Հետքրքիրը նա է, որ նրա պարապած երեխաները միմյանց հանդիպելիս չեն քննարկում, թե Մանուկյանն ինչ է սովորեցրել իերնց, այլ խոսում են մամայիս պատրաստած խմորեղենի, հյութերի ու ուտեստների մասին:
Եղբորս` Արամի հետ ուսանող ենք եղել միաժամանակ: Ինքն ինձանից մեծ էր մեկ տարով և մեկ աննկարագրելի ժամանակ ենք անցկացրել միասին: Իմ ու նրա ընկերուհիներով ընդհանուր ընկերություն էինք ստեղծել, և մեր ամեն օրը անցնում էր չափազանց ուրախ ու հետաքրքիր: Պարը, երաժշտությունը, դիսկոտեկաները մեր օրվա անբաժան մասին էին: Ինչ վերաբերվում է քույրիկիս, ես նրան շատ եմ սիրում: Հիմա իմ օրվա մեծ մասը անցնում է նրա հետ:Մենք միասին հոգեվերլուծական սեանսներ ենք անցկացնում, քննարկում ենք ընտանեկան խնդիրներ:
Մամայիս անչափ շնորհակալ եմ քույրիկիս ունենալու համար:Մի գուցե ինքը գլխի չի ընկել, բայց նա Կային ունեցել է հենց ԻՄ համար :Դ:Դ:ԴԴ:Դ:
13. -Հումորի հրաշալի զգացումը ո՞ւմից ես ժառանգել, թե այն քո մոտ ձեռքբերովի է:
- Հիմա եմ հասկանում, որ այն իսկապես ձեռքբերովի է: Ծնողներս անմիջական, անկեղծ, բայց զուսպ մարդիկ են:Իմ հումորի զգացողության կնքամայրը եղել է ընկերուհուս մայրը: Նա անսպառ էներգիա ունի ու իմ ` գյուղաբնակին հատուկ կոմպլեքսները հօդս են ցնդել նրա ազդեցությամբ: Ազատ խոսել, առանց կաշկանդվելու, արագ կողմնորոշվել զրույցի ընթացքում, հումորով դուրս գալ դժվար իրավիճակներից, այս բոլորի համար պարտական եմ իրեն: Իհարկե Սամվելի հետ համատեղ կյանքում նրա հումորի զգացողությունը նույնպես ազդեցիկ եղավ:
14. -Հե՞շտ է երկու երեխա ունեցող մայրիկին լինել բլոգեր:
- Եթե ես ցանկանայի բլոգ վարել 5 տարի առաջ, երևի կձախողվեի: Չեմ պատկերացնում, որ կարող էի 2 երեխաների հետ մեկտեղ այնքան ազատ ժամանակ ունենալ, որ ինձ թույլ տայի նստել համակարգչի առաջ ու ստեղծագործել: Հիմա երեխաներս մեծ են, իմ ժամանակը ավելի շատ ինձ է պատկանում: Նրանք ավելի ինքնուրույն են, ունեն իրենց հետաքրքրությունները, իսկ ինձ թողել են ինձ հետ: Ես էլ ժամանակս օգտագործում եմ , ինչպես ես եմ ուզում :
15. -Ինչպե՞ս է վերաբերում քո ինտերնետային կյանքին ամուսինդ, արդյո՞ք նրան կարելի է գտնել որևէ սոցիալական ցանցում:
-Սամվելը սկզբում շատ էր բորբոքվում, հետո հասկացավ, որ իմ գյուղական կյանքում իրոք որևէ հետաքրքրություն է պետք մտցնել: Հիմա, երբ տեսնում է համակարգչի առաջ նստած, ժպտում է և հեռանում: Իհարկե լինում են դեպքեր, երբ իրեն զգուշացնում եմ, որ բռնի ուժով ինձ տեղահանի այդտեղից, որովհետև ես ժամանակի զգացողությունը կորցնում եմ համակարգչի առջև: Նա ինքն էլ սիրում է լուրեր կարդալ, շախմատ խաղալ, սպորտի վերաբերյալ նյութեր դիտել ու կարդալ, սակայն սոցցանցերով չի զբաղվում:
16. -Կա՞ մի բանաձև, որի միջոցով դու հասցնում ես լինել օրվա ընթացքում և մայրիկ ու կին, ուսուցչուհի, բլոգեր, տնային տնտեսուհի և դեռ ժամանակ տրամադրել նաև բազմաթիվ բարեկամներին:
-Հարազատներին տրամադրվում է շաբաթը և կիրակին: Քանի որ ես աշխատում եմ մամայիս ու քրոջս հետ, նրանց տեսնում եմ ամեն օր: Աշխատանքի հետ կապված միակ խնդիրս տետրեր ստուգելն է, և արդեն ապացուցված ֆենոմեն է, երբ ես ունենում եմ ստուգելու տետրեր, ինձ մոտ մուսա է առաջանում որևէ գրառում անել բլոգում, և տետրերս մնում են մինչև անորոշ ժամանակներ: Տան հետ կապված գործերս անում եմ ողջ օրվա ընթացքում, որովհետև դանդաղաշարժ եմ:Երեխեքը դասերը սովորում են ինքնուրույն, օրվա վերջում ես աչքի եմ անցկացնում, ստուգում: Ընդհանուր առմամբ տան անդամները պահանջկոտ չեն, ամենքս գիտենք մեր գործը:
17. -Ես բժշկի կին եմ ու դա այնքան էլ հեշտ գործ չէ, դու ի՞նչ կասես դրա մասին, ինչքա՞ն ժամանակ էր պետք հարմարվելու համար:
-Սամվելի կոլեկտիվի անդամները նաև լավ ընկերներ են: Նրանց հետ մենք ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք: Միասին ճամփորդությունների ենք մեկնում, նրանց հետ հետաքրքիր է: Հայտնի է, որ բժիշկները բարդույթներ չունեն, նրանք իրենց պրակտիկայում պատահած զավեշտների մասին սիրում են պատմել մեծ եռանդով և իրերն իրենց անուններով են կոչում: Սկզբնական շրջանում ես ամաչում էի նրանց փոխարեն, սակայն հետո ինքս էլ ինդուկցվեցի:
18. -Պատմի՛ր մի փոքր քո հոբբի մասին, որի անունն է ինտերիեր:
-Սկզբից դա եղավ անհրաժեշտաբար, հետո ես ոգևորվեցի, սկսեցի ստեղծագործել, սակայն հիմա հասկանում եմ, որ այն իսկապես դարձել է հոբբի: Դեռ չվերջացրած մեկը, ես սկում եմ մտածել ինչպես կարելի է ձևափոխել մեկ ուրիշ սենյակը: Սկսում եմ փնտրել ինտերնետում, խորանալ գույների ընտրության, նյութի, արտաքին տեսքին վերաբերվող հարցերում: Դա իսկապես հաճելի զբաղմունք է, որովհետև միջոցներ ու էներգիա ներդնելիս դու տեսնում ես նաև արդյունք, որը նոր շունչ ու թարմություն է մտցնում տուն, և աչք է շոյում:
19. -Անցած տարի դու հայտարարեցիր, որ որոշ ժամանակով ինտերնետը փոխարինում ես այգեպանությամբ, ինչպիսի՞ հաջողություններ ես գրանցել այս ոլորտում:
-Այս հոբբիս կարելի է ասել հարություն էր առել: Ինչպես վերը նշեցի, ես սիրել եմ հողագործությամբ զբաղվել դեռ երեխա ժամանակ: Սակայն նորից դրանով վարակեցին քույրիկս , որի ծաղկանոցներից կարելի է հաճույք ստանալ, և հայրիկս: Վերջինիս բակը իսկական դրախտ կարծես լինի: Ողջ այգին օղակված է վարդի թփերով, մրգատու ծառերի տեսականին ու քանակը ապահովում են մեզ քաղցրահամ մրգեր մինչև ուշ աշուն, ու այն բակը, որը մեր տան դիմաց է գտնվում, համեմատած այս բոլորին, ջունգլի էր հիշեցնում:
Եվ ես հաճույքով սկսեցի ծաղկանոցի բարեկարգումը, որը էսթետիկական հաճույք պատճառեց մեզ բակում նստելիս, իսկ ամռան վերջում ինձ պարգեց հոյակապ արևայրուք և առույգ ու ակտիվ հանգիստ:
20. -Ո՞ր երկիրքը կամ քաղաքը այսօր կփոխարիներիր Վանաշենով:
-Վանաշենի հետ ինձ շատ բան է կապում: Ծնողներս, քույրիկս, մյուս հարազատներս, բոլորը կողքս են ապրում: Ամռանը տանից դուրս գալիս, ես նրանց բոլորին այցելելով, տուն եմ վերադառնում ուշ գիշերը:
Սակայն լինելով Իսպանիայում, ես հասկացա, որ հոգիս թողում եմ այնտեղ: Մշտապես ապրելու չէի գնա , բայց ժամանակ առ ժամանակ կուզենայի վերադառնալ Իսպանիա:
21. -Արդյոք դպրոցում կամ քո դասղեկ դասարանում կա՞ն քո բլոգի ընթերցողներ:
-Այն աշակերտներս, որ կան ֆեյսբուքում, կարծում եմ, կարդում են : Երբեմն մենք կոլեգա-ընկերուհիներով հավաքվում ենք ինֆորմատիկայի կաբինետում և միասին կարդում: Իհարկե, ձայներս այնպիսի բարձրության է հասնում, որ մենք դպրոցի ադմինիստրացիայի կողմից ստանում ենք նաև նկատողություններ:
22. -Ես գիտեմ, որ դու անգամ ամենաուրախ ֆիլմից կարող ես հուզվել, ինչո՞ւ է այդպես պատահում:
-Ընդհանուր առմամբ ես սառնասիրտ եմ, կարող եմ ճգնաժամային իրավիճակներում շուտ կողմնորոշվել ու սթափ լինել, սակայն ուղիղ հակառակն եմ ես դառնում ֆիլմեր դիտելիս: Հիշում եմ , թե ինչպես դասղեկական դասարանի հետ գնացել էինք “ Հիշիր ինձ” ֆիլմը դիտելու, որից ես դուրս եկա ողբ կապած, ու դեռ երկար ժամանակ ֆիլմի ազդեցության տակ էի գտնվում: Կարծում եմ ֆիլմերից հուզվելու իմ կարողությունը ձևավորվել է հնդկական ֆիլմերի վրա, որոնց մեջ այնքաան ռոմանտիզմ կար, որը բացակայում էր կյանքում, և ես սիրում էի այդ ֆիլմերն ու բաց չէի թողնում նրանցից ոչ մեկը, ու բոլոր ֆիլմերի վերջում ողբում, էի`չափից ավելի սրտին մոտ ընդունելով հերոսների ապրումները:
23. -Ինչպե՞ս ես հետևում նորաձևության տենդենցներին, որպեսզի ունենաս այդքան հաջող ոճ ոչ միայն հագուստում, այլ նաև տան դիզայնում:
- Ճաշակի ձևավորման մեջ իր տեղն ունի Բրյուսովում ուսանող լինելս: Հետագայում ռուսական ամսագրերն իրենց դերը խաղացին:Սիրում էի ստեղծագործել նաև հագուստի վերաբերյալ: Ես դրանից լիարժեք հաճույք էի ստանում: Հիմա ավելի շատ ուսումնասիրում եմ ու խորհուրդներ եմ հարցնում բարեկամուհի ուսանողներից: Իսկ տան ձևավորման մեջ ընտրում եմ այն գույները, որոնք սիրում եմ: Իսկ թե ինչն է ավելի նորաձև, ինչ ոճն է ինձ դուր գալիս, դրանք փնտրում եմ հիմնականում համացանցում: Դա ևս հաճելի զբաղմունք է:
24. -Դու իմ այն հազվադեպ ընկերներից ես, ում երաժշտական ճաշակին ես առհասարակ տեղյակ չեմ ու ես դա բացահայտեցի հարցեր կազմելիս, պատմիր մի քիչ դրա մասին:
- Երաժշտական ճաշակս հիմնականում ձևավորվել է եղբորս ճաշակի վրա: Եթե ինքը լսում էր հիփ-հոփ, նույնը լսում էի նաև ես: Հետզհետե ես սկսեցի տարբերել երաժշտական ժանրերը, սիրեցի բլյուզ ու ջազ, տարվեցի նաև լատինո երաժշտությամբ, եղավ պահեր սիրեցի շանսոն և ռոք, վերջերս կապված լավ տրամադրության հետ տրանս եմ լսում, սակայն վերջերս քթի տակ դնդնացնում եմ Ադել , Ջեյմս Բլանթ ու Քոլդփլեյ:
Կարծում եմ երաժշտությունը դա տրամադրություն է : Եթե հոգիս տակն ու վրա է եղած, ինձ փրկում է “Ave Maria»-ն կամ որևէ դաշնամուրային կատարում: Եթե տան գործերս չեմ հասցնում, ուղեղումս Արա Գևորգյանի “Արցախ”ն է թնդում: Եթե դասարանիս հետ դիսկոտեկա ենք գնում, ես ինձ չեմ կարողանում զսպել The Black Eyed Peas ի երգերի տակ: Իսկ ընդհանուր առմամբ իսկապես երաժշտական ճաշակս խիստ նորացվելու կարիք ունի, ես չեմ ճանաչում նորահայտ շատ երգիչների :
25. -Ինչպիսի՞ն պետք է լինի քո առավոտը, որ օրդ հիանալի անցնի:
-Ես մեկ-մեկ բռնացնում եմ ինձ այն մտքի վրա, որ ես արթնանում եմ սուրճ խմելու համար: Կարելի է ասել դառնում եմ նարկովումն:Ճ Իմ հիանալի առավոտի սկիզբ է լինում երեխեքիս ժպիտները, իրենց համբույրներով, Սամվելի հումորով համեմված թեկուզ մի կարճ նախադասություն: Մամայիս ու քրոջս տեսնելը, քրոջս հետ սուրճ խմելը: Հիանալի առավոտ է նաև ցանցի ընկերուհիներիս հետ թեկուզ 2 բառ զրուցելը: Իսկ օրիգինալ հիանալի առավոտներից է ամերիկաբնակ ընկերուհուս զանգը, որը ինձ հանում է քնից, որի հետ մենք զրուցում ենք մի հանդիպման չափ, քննարկում ենք տարբեր թեմաներ ու հարցեր` խորը փիլիսոփայական ու միայն կանանց հատուկ:


March 25th, 2012
Արաքս Արմեն 


















Posted in
Tags: 