Իմ “ԱՅՈ”-ի 20 ամյակը

1991 թվականի սեպտեմբերի 21-ին, ինչպես և իմ կյանքի մինչև այդ ունեցած 6 սեպտեմբերի 21-երը, յուրօրինակ տոնական էր: Այդ օրը մայրիկիս ծննդյան 42 ամյակն էր: Նեղ ընտանեկան միջոցառմանը պատրաստվում էին բոլորը, բացի ինձնից: 6-ամյա, այն էլ տան փոքր քույրիկից օգնություն սպասելն անիմաստ էր: Ես ավելի շատ ուշադրություն գրավողի կարգավիճակում էի: Սակայն մայրիկիս ծննդյան ու իմ տան փոքր լինելու մասին չէ, որ ես ուզում եմ պատմել Ձեզ: Այդ օրը, ինչպես ամբողջ հայ ժողովրդի համար, այնպես էլ իմ համար, դարձավ ՊԱՏՄԱԿԱՆ:

Ես 1996 թվականին, Դիլիջանի մեր բնակարանի գրադարանում

 

Մեր շենքի ներքևում մի գարադարան կար: Աչքերիս առջև են մինչև հիմա գրադարանի կանաչ գորգն ու փոքրիկ շագանակագույն սեղանները իրենց աթոռներով: Հենց այդ գրադարանում է, որն արդեն 18 տարին է, չի գործում, ես կատարեցի իմ առաջին ու լուրջ ընտրությունը: Հենց այդտեղ, գրադարանի համար ոչ սովորական դարձած ընտրատարածքում, ես հայտնվեցի հայրիկիս հետ: Հայրիկս իր ձեռքին պահած թղթի վրա նշումներ արեց, ավելի ճիշտ, ԸՆՏՐԵՑ, իսկ ես նրա ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ գցեցի արկղի մեջ: Տարիներ հետո ես հասկացա որ մենք միասին ընտրել էինք մեր երկրի ԱՆԿԱԽՈՒԹՈՒՆԸ, մենք ԱՅՈ էինք ասել, ԱՅՈ,  ԱՅՈ,  ԱՅՈ,  ԱՅՈ…

ԱՅՈ ասելուց հետո մեր կյանքը կտրուկ փոխվեց: Տարիներ հետո ես հասկացա որ այդ ԱՅՈ-ն շատ թանկ կնստի ոչ միայն մեր, այլ նաև շատ հայ ընտանքիների համար:

Այդ ԱՅՈ-ն մեզ բերեց անլույս, անջուր, անջեռուցում տարիներ: Հենց այդ ԱՅՈ-Ն ամեն ձմեռ մեր 4 սենյականոց բնակարանը դարձնում էր մի սենյականոց, որտեղ դրված փայտե վառարանի համար ցախը “Այո” ասած ընտանքով բերում էինք անտառից: Հենց այդ ԱՅՈ ասած մեր ընտանիքը ջրի բացակայության պայմաններում ամեն առավոտ արթնանում էր առավոտյան ժամը 6-ին, որպեսզի մոտակա աղբյուրից, որը գտնվում էր անտառում, ջուր բերեր: Ձմեռվա ցրտին, երբ դիլիջանյան սարերին մենակ ձյուն էր, իսկ ճանապարհները սառցակալած, մենք ունեինք մի քանի գերխնդիր` տունը տաքացնելու, ջուր ունենալու և հաց ՃԱՐԵԼՈՒ:  Ջրի հարցը լուծվում էր այսպես` հայրս ու մայրս հավաքում էին տան բոլոր դույլերը ու վաղ առովոտյան գնում տնից 20 րոպե  հեռավորության վրա անտառում գտնվող աղբյուրը: Նրանք սարերից եկող, հազիվ ծլվլացող ջրից դույլերով հավաքում էին, հերթը մերն էր, ԱՅՈ ասած պատանիներին, մենք այդ ջուրը մի քանի ՌԵՅՍՈՎ բերում էինք տուն, բառերիցս մի զարմացեք, այն ժամանակ գրական հայերենը դեռ այդքան չէր արմատավորվել: Հետո ընտանիքով փայտ էինք բերում անտառից, ու բարձրացնում այդ ամենը ոտքով, քանի որ ԱՅՈ ասած պետության  շենքերի վերելակների բոլոր մասերը թալանել էին: Իսկ հաց առնելու հարցը լուծվում էր այսպես, սպիտակ թվանիշներով տալոնը ձեռքներին տան փոքրերը գնում էին խանութ, սակայն ձմռանը, երբ ճանապարհների ձյունը թույլ չէր տալիս մոտակա Հացի գործարանի ՀԱՑԻ ՄԵՔԵՆԱՆ հասնի մեզ, մենք ինքներս էինք հասնում Հացի գործարան: Այդ պատվավոր ՀԱՑԻ ՀԱՐՑԸ լուծում էին քույրիկներս: Իսկ ճանապարհը մոտ չէր, մոտ 40 րոպե ոտքով, այն էլ ձմեռվա պայմաններում:

Ավելի ուշ ԱՅՈ ստացած պետությանս էլ անհրաժեշտ չեղան Ֆիզիկայի դասախոսներ, ու  իր անկախ երկրի համար հայրս մնաց անգործ: Ասում եմ չէ, թանկ նստեց մեր վրա: Դա այն ժամանակն էր, որ ԱՅՈ երկրից բոլորը հեռանում էին, մեր բառապաշարում իր պատվավոր տեղը զբաղեցրած խոպանչիների թվում էին մեր շենքի համարյա բոլոր տղամարդիկ, սակայն քչերը, այդ թվում և իմ Հայրիկը, հրաժարվեցին երկիրը լքելու մտքից, իսկ ո՞վ դա գնահատեց, ես տենց էլ չիմացա: Հայրս հրաժարվեց նույնիսկ Երևան տեղափոխվելուց, նրա հայրենասիրությունը դա թույլ չէր տալիս, ինքը անձամբ էր ԱՅՈ ասել, իրա համար, իր կնոջ համար և 4 երեխաների համար: Սակայն այդ ԱՅՈ-ն նրան պատախանեց դասախոսի աթոռից հանելով ու մի փոքրիկ ԿՈՄՈՍԻՈՆԿԱ-ով փոխարինելով, չնայած էլի մեր փողերով:

Ավելի ուշ ԱՅՈ ասած անկախ Հայաստանը որոշեց անցկացնել մանկավարժների օպտիմիզացիա: Ու ԱՅՈ երկրին այլևս պետք չէր Պոլիտեխնիկի Քիմիական բաժնի կրթություն ունեցող, 18-ամյա մանկավարժական փայլուն աշխատանքային ստաժ ունեցող Քիմիայի ուսուցչուհի մայրիկիս դասերը: Դիլիջանի դպրոցներից մեկի տնօրենը մայրիկիս ասաց, ինչ արած դու այլևս պետք չես մեզ, առանց քեզ էլ ԱՅՈ սերունդ կկրթենք, դու գնա, տարիներ հետո քո կրթած սերունդը քեզ կգտնի սոցիալական ցանցերում ու գովեստի խոսքերով քո պրոֆայլը կպատվի:

ԱՅՈասած մեր հանրապետության ծնունդը թանկ նստեց նաև իմ ու քույրիկներիս համար, մոտ 1 ժամ ոտքով դեպի դպրոց, 5 րոպեանոց դասեր, մոմի լույսի տակ կարդացած գրքեր, առանց գնդակ, պարան, սահնակ, հեծանիվ ունեցած մանկություն:  Բայց մի բան այն չգողացավ մեզնից, մեր մանկությունը, մեր հրաշալի ու անմոռանալի մանկութունը, որը մենք կերտեցինք, մեր իսկ ՉՈՒՆԵՆԱԾ-ով կերտեցինք ու պահեցինք մեր վառ հուշերում,  ԱՅՈ-ն այն մեզնից չխլեց:

ԱՅՈ-ն մեզ տվեց 30 րոպեանոց էներգիա ունենալու ուրախությունից գոռացող ճիչեր, տարեկան մի քանի անգամ միս ուտելու հաճույք, ԱՅՈ-ն մեզ տվեց ձնից ջուր ստեղծելու հմտություն, ԱՅՈ-ն մեզ տվեց անտառներից ամեն տեսակ բարիք հավաքելու  կարողություն, ԱՅՈ-ն մեզ տվեց Դիլիջանի անտառները նոսրացնելու խնդիր, ԱՅՈ-ն մեզ տվեց  արտասահմանյան օգնություն ստացած բանկաներով հաց ուտելու հնարավորություն, ԱՅՈ-ն մեզ տվեց Հացին աղ քսած դելիկատես ուտելու հաճույք…

Ավելի ուշ, 1997 թվականին, ես հասկացա, որ ԱՅՈ-ն մեզ տվեց իրար սպանելու կարողություն: Հենց  հոկտեբերի 27-ին ես առաջին անգամ իմացա, որ մարդիկ սպանում են իրար, մինչև այդ ես Րաֆֆու “Սամվելը: չէի կարդացել: Հենց այդ օրը, երբ Հայրիկս ուղիղ եթերով ռադիոյով լսում էր Խորհրդարանական քննարկումները, ես առաջին անգամ իմացա, որ ՆՈՐ ու ՀԶՈՐ
ԱՅՈ ունենալու համար հայը հային սպանում է: Հաջորդ օրը սեփական կարծիք հայտնող աշակերտներին դպրոցում մայրիկս սաստում էր ու ասում` բարձր մի ասեք, վտանգավոր է, կլսեն… Հենց այդ օրը ես իմացա, որ ԱՅՈ-ի ժամանակ չի կարելի սեփական կարծիքը բարձրաձայն ասել: Հենց այդ օրը ես հասկացա, որ ԱՅՈ-Ն ներկվում է մարդկանց արյունով:

Այո-ն իր տարիները գլորում էր, իսկ ես, որպես արդեն պատանի, զրկվում էի մի շարք դպրոցական հաճույքներից, քանի որ ԱՅՈ-Ն անաշխատանք էր թողել ֆիզիկայի դասախոս հայրիկիս ու քիմիայի ուսուցչուհի, դպրոցի փոխտնօրեն մայրիկիս: Բայց ԱՅՈ-ն էր, թե կյանքը, մեր ընտանիքի կողքին գտնվեցին լավ ՄԱՐԴԻկ, ովքեր օգնեցին մեզ ոտքի կանգնել: Պարապել, ընդունվել ԲՈՒՀ ու  ԱՅՈ, հասկանալ, որ ուզում ես գոյատևել, պետք է աշխատես: ԱՅՈ, ես հասկացա, որ ինձ պետք է հենց առաջին կուրսից աշխատել  ու այդպես էլ վարվեցի, ԱՅՈ ասած իմ երկրում, պետական միակ օգնությունը ամսական 5000 դրամ կրթաթոշակն էր, իսկ լավ սովորելու դեպքում, եթե բախտդ բերեր,  6000: Այլևս դու պետությանը պետք չէիր:

Ու այդպես, արդեն 20 տարի իմ ԱՅՈ պետության հետ հավասար ես կերտում եմ սեփական անկախությունս ու սեփական կյանքս: Հիմա մտածում եմ, արդյոք եթե ժամանակը հետ տանք, Հայրս ու ես այդ թղթի վրա ԱՅՈ կողքին նշան կդնեինք, թե ոչ, արդյոք դա կփոխեր որևէ բան, չէ որ մեր կարծիքը հաշվի առնող էլ չկար:

Հիմա այդ ԱՅՈ ամեն տեղ է, մենք անկախ ենք, միգուցե և ոչ, մենք ազատն ենք, միգուցե և ոչ, սա արդեն էական չէ, քանի որ մեր փոքրիկ հանրապետության պատմությունը արդեն գրվել է, իսկ ես այդ պատմության մեջ մի վանկ եմ, ինձ համար երկաաաաաաաաաաաաար մի վանկ, պետությանս համար սովորական մի հայ պատանի, ում հիշողությունների մեջ վառ դրոշմվել է մութ ու ցուրտ տարիները 1990-ականները:

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.