Մամայիս երգը

Այսօր, չգիտես` ինչու, հանկարծ հիշեցի ու հասկացա, որ պապայիս մահից հետո մամաս էլ չի երգում: Ձախ Հարութի “Մոգական լապտերիկ” երգը մամայիցս լավ ոչ մեկ չի կատարում, պապաս դա լավ գիտեր, ու հաճախ հավաքույթների ժամանակ մամայիս երգացնում էր, ու հպարտ նայում: Մամաս էլ շատ քնքուշ ձայն ունի, քաղցր, էնքան լավ էր երգում, ես փոքր էի, այդքան էլ լավ չէի հասկանում այդ երգերի իմաստը, բայց ուրախանում էի, որ մամաս կարողանում է տենց լավ երգի:

Վերջին անգամ մամաս երգեց 2001 թվականի մայիսին, հորեղբայրներիս ծննդյան օրն էր, Դիլիջանում էինք, լիքը լավ մարդկանց խումբ էր հավաքվել, երգերը երգերին հաջորդում էին, բոլորը մի տեսակ երիտասարդացել ու առանց ձայնային տվյալների հետևից ընկնելու,  երգում էին, մամաս երգողներից մեկն էր, պապաս հա երգացնում էր: Երեկոյի ամենակուլմինացիոն պահը եղավ պապայիս երգելը, այդ պահը անսպասելի էր բոլորի համար: Հավանաբար նա մի բան զգում էր, ու ցանկացավ բոլորին զարմացնել, հիշեց իր մանկության երգերը, դաշնակցական ու ազգային երգերից մի քանի հատվածներ, բոլորը ուրախությունից ծափ էին տալիս, ես էլ էի զարմացել, երբեք պապայիս երգելիս չէի տեսել,այդ երգերի միջոցով ինքը իր  երիտասարդությունը հիշեց, մեզ ուրախացրեց, չգիտեմ էլ խի որոշեց ինքը մամայիս հետ տենց երգել…

Մի ամիս հետո տեղի ունեցած դեպքերից հետո մամայիս էլ երգելիս չեմ տեսել…

Մենակ այսօր եմ հասկանում, որ այդ օրվանից հետո անցել է 11 տարի, ու մամաս այլևս չի երգում, նոր հասկացա ու հիշեցի, որ մամայիս երգելիս էլ չեմ տեսել, ու նոր եմ հասկանում՝ ինչքան բան ենք կորցրել, որ չենք խնդրել նրան նորից երգի, նորից մեզ ուրախացնի, նոր եմ հասկանում, որ մեր կյանքում որոշ բաներ կորչում են, իսկ մենք դա չենք էլ զգում, չենք էլ հասկանում, կորցնում ենք տարիների ընթացքում այն արժեքավորը, որը մեր կյանքի մի մասն է եղել:

Խոստանում եմ , որ մամաս շուտով կերգի, թեկուզ իրա փորքիկ թոռնիկների համար օրորոցային, բայց կերգի…

Սիրում եմ մամայիս երգը

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.