“Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Մարի Հովհաննիսյանը

Մարի Հովհաննիսյանը  ծնվել է 1990 թվականի Հուլիսի 15-ին Կապան քաղաքում:

Ֆեյսբուքում նա ունի 1693 friend, ինձ հետ ընդհանուր` 78:

Նրա բլոգը`

http://mariloveblog.blogspot.com/

Նրա Ֆեյսբուքյան խմբերը՝

https://www.facebook.com/nickprpage

https://www.facebook.com/armeniancomix

https://www.facebook.com/mariloveblogger

https://www.facebook.com/lsumem

1. – Ինչպե՞ս Մարի Հովհաննիսյանը դարձավ Mari Love:

– Ի սկզբանե, եղել է Մարիամ Հովհաննիսյան, սակայն տանն ինձ Մարի էին դիմում: Դպրոցում, հետագայում նաև համալսարանում Մարիամ էի, ընտանիքի անդամների ու հարազատների համար` Մարի: Facebook-ում գրանցվելիս ցանկանում էի ինչ-որ հետաքրքիր ու տարբերվող անուն ունենալ, այդ ժամանակ արդեն սիրահարված էի, մտքիս եկավ Mari Love: Այդպես Մարիամ և Մարի անուններից ընտրեցի Մարին, որովհետև այն ավելի հոգեհարազատ է ինձ:

2. – Ինչպե՞ս ստացվեց, որ գրանցվեցիր Ֆեյսբուքում ու որոշեցիր դառնալ բլոգեր:

– Facebook-ում գրանցվել եմ 2009 թվականին, սակայն այն ժամանակ ոչինչ չէի հասկանում և առանձնապես չէի հետաքրքրվում: Մանկուց սիրել եմ մտքերի օրագրեր պահել, երրորդ դասարանից տարատեսակ օրագրեր էի պահում (ճիշտ է` հիմա դրանցից ոչ մեկը չի պահպանվել, որովհետև ժամանակ առ ժամանակ կարդում էի դրանք ու ամաչելով պատռում :Դ): Համալսարանական տարիներից ամբողջովին տարվեցի համացանցով: Ու օրերից մի օր մտածեցի` տեսնես ինտերնետում օնլայն մտքերի օրագիր կարելի՞ է վարել: Google-ում search տվեցի և գտա իմ հարազատ Blogger.com-ը: Այդպես ծնվեցին բլոգս, ապա նաև Facebook-ի էջերս ու խմբերս, որովհետև հասկացել էի, որ եթե ցանկանում եմ բլոգի ընթերցողներ ունենալ, ապա պետք է այն «տարածեմ»:

3. – Մանկապարտեզում էլ ես թիթի՞զ եղել:

– Փոքր հասակում շատ ինքնամփոփ երեխա եմ եղել: Սուսիկ-փուսիկ երեխա էի: Երբ ինչ-որ մեկն ինձ էր դիմում, աչքերս միանգամից ջրակալվում էին: Էլ չեմ ասում հանդեսների մասին, որտեղ աչքերիցս լիտրերով արցուքներ էին հոսում (հենց այս պահին էլ աչքերս կրկին ջրակալվեցին):  Մանկապարտեզ այդքան շատ չեմ հաճախել, այդ տարիներից գրեթե ոչինչ չեմ հիշում: Միայն հիշում եմ դաստիարակներից մեկին, ում շատ էի սիրում, նրան «սիրունիկ դասատու» էի ասում ու լացում էի, որ ինձ իր մոտ տանեն :

4. – Գիտեմ, որ մանկությունից պահած իրեր ունես, որոնք քեզ հարազատ են, ի՞նչ են դրանք:

– Մանկությանս ամենասիրելի խաղալիքը Ռեքսն է, մեծ փափուկ շուն է, ում հետ երկար տարիներ անբաժան եմ եղել: Մայրիկիս մոտ 10 տարի խնդրում-աղաչում էի, որ ինձ շուն գնի, նա չէր համաձայնվում, ես էլ ստիպված Ռեքսին էի իրական շան պես պահում: Մանկությունից պահել եմ օրագրերս (հպարտանում եմ լավ գնահատականներովս, մի քանի անգամ 6 եմ ստացել ռուսերենից (այն ժամանակ 5 բալանոց համակարգ էր)): Պահել էի նաև խաղալիքներս, որոնք իսկական շնիկ գնելուց հետո հերթով տվեցի նրան, նա էլ անողոքաբար գզզեց բոլորը:

5. – Դպրոցում էլ ես սիրել տարբերվե՞լ, երկրպագուներից որևէ մեկին կհիշե՞ս:

– Դպրոցական տարիներս բաժանվում են երեք փուլի: Առաջին դասարանը սովորել եմ Կապանում, երկրորդ դասարանում տեղափոխվեցինք Երևան, ընդունվեցի 116 դպրոցը, որտեղ 4 հիանալի տարի եմ անցկացրել: Երբ եկա նոր դասարան, գրեթե բոլոր տղաները հերթով սիրահարվեցին ինձ, ծնողներն էլ կռիվ էին անում, որ հենց իրենց տղան իմ կողքը նստի: Հիշում եմ` մայրիկս մի անգամ ասաց, որ երբ ինքն էր դպրոցում սովորում, դասարանի տղաներից մեկը միշտ իրեն տուն էր ուղեկցում, պայուսակը բռնում էր: Ես էլ որոշեցի հետ չմնալ ու դրանից հետո տուն էի գալիս ոչ թե մեկ, այլ միանգամից վեց-յոթ տղայի ուղեկցությամբ, որոնք հերթով պայուսակս բռնում էին: Աննկարագրելի լավ տարիներ էին: Սակայն 6-րդ դասարանում ստիպված տեղափոխվեցի այլ դպրոց, որտեղ սկսեցին իմ «սև» տարիները: Նոր դասարանը չընդունեց ինձ: Ես դժվար դեռահաս էի, սիրում էի տարբերվել, հետաքրքիր մտքեր էի արտահայտում: Սկսեցին խնդիրները դասարանի տղաների հետ, որոնք ինձ հանգիստ չէին տալիս: Հիշում եմ` սարսափելի սթրեսեր եմ ապրել, ամիսներով դասի չէի գնում: Ուսուցիչներն ասում էին, որ թեթև տանեմ, տղաները պարզապես սիրահարված էին ինձ ու ուզում էին ուշադրություն գրավել, մեծանում էին, բայց դե դա ինձ չէր օգնում: Վերջին զանգի օրը կարծես բանակից զորացրվել լիներ ինձ համար:

6. – Ինչպե՞ս որոշեցիր ընդունվել Գլաձորի համալսարան:

Մարին ընկերուհիների հետ

– Քույրս ավարտել էր Գլաձորը, ապա անցել էր այնտեղ աշխատանքի: Ես երազում էի լրագրող դառնալ, իսկ տանը դեմ էին, ասում էին, որ լրագրողի աշխատանքը աշխատանք չէ, լավ կլինի, որ, ասենք, լեզուներ սովորեմ, հետո լրագրող այսպես, թե այնպես կաշխատեմ: Ճշգրիտ գիտություններն ու ես բացարձակ հակադիր բևեռներում ենք գտնվում, ուստի միակ բանը, որ կարող էի սովորել, օտար լեզուներն էին: Ինձ համար ուսման վայրը բացարձակ կարևոր չէր, այսպես որոշվեց, որ կընդունվեմ Գլաձորի նախապատրաստական բաժին, հետո կշարունակեմ Թարգմանչական բաժնում:

7. – Ուսանողական կյանքդ հետաքրքի՞ր է անցել, թե սովորական տուն-ինստիտուտ:

– Համալսարանում շատ բացվեցի: Կուրսի «գողերից» էի : Լավ էի սովորում, սակայն քանի որ սովորում էի չսիրած մասնագիտություն, առանձնապես չէի մտահոգվում դասերով: Համալսարանում ինձ օգնում էին ընդունակություններս ու ճարպկությունս, որովհետև շատ հաճախ պարապում էի տնից համալսարան ճանապարհին կամ դասամիջոցին, սակայն պատասխանում էի բոլորից լավ: Մեր կուրսը շատ թույլ էր, կային մարդիկ, ովքեր իրենց անունն անգամ չէին կարողանում գրել, իսկ ես այդ  ժամանակ արդեն բավականին փորձ ունեի, որովհետև որպես թարգմանիչ էի աշխատում և համալսարանի թերթում առանձին երաժշտական խորագիր ունեի: Հիշում եմ` առաջին վաստակածս գումարը ամիսը 500 դրամ էր: Ուսանողական տարիները հետաքրքիր ու աշխույժ են անցել: Առաջին և երկրորդ կուրսում լրիվ ավազակ էի, դասերից փախչում էինք, դասերը խանգարում էինք, ինչ օյին ասես, որ չէինք բերում դասախոսների գլխին, բայց քանի որ գերազանց էի սովորում, ինձ բան չէին ասում: Հիշում եմ` երեք ընկերուհի էինք, մեզ համալսարանում բոլորը գիտեին, բուֆետում էլ մեզ համար տղաները միշտ տեղ էին պահում: Երրորդ կուրսում լրջացանք, արդեն մասնագիտական առարկաներ էինք անցնում, հետո մեզ հարիր չէր չարություններ անելը, մեզ ծանր էինք պահում:  Չորրորդ կուրսից բան չհասկացա` դիպլոմային, պրակտիկա, պետականներ…

8. – Պատմիր մի քիչ ընտանիքիդ մասին:

Մարին Մայրիկի հետ

– Ծնողներս ամուսնալուծված են, հորս վերջին անգամ տեսել եմ 15 տարի առաջ: Մայրիկս մանկաբույժ է, դասավանդում է բժշկական համալսարանում: Քույրս տնտեսագետ է, աշխատում է Գլաձորում որպես ուսումնական մասի պետ և դասախոս: Ունենք փոքրիկ շնիկ` Ջինա, ում աշխարհի չափ սիրում ենք: Մեր տան ուրախությունն է: Նա էլ մեզ բոլորիս հավասար սիրում է, ճիշտ է` ինձ ամենաքիչն է սիրում, որովհետև շատ եմ գզզում նրան, նա էլ բողոքում է:

9. – Իսկ ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ հենց քո ընտանիքը:

– Կուզեի մեծ եղբայր ունենայի, որ ժամանակ առ ժամանակ մի լավ ծեծեր ինձ : Չգիտեմ, երբեք չեմ մտածել, որ եթե տանը հայր լիներ, ավելի լավ կլիներ: Մայրս ու քույրս ինձ այնպես լիարժեք լավ են մեծացրել, որ ոչնչի պակաս, թե նյութական, թե հոգեբանական առումով, չեմ ունեցել:

Մարին քույրիկի հետ

Գուցե այո, լավ կլիներ, որ ամբողջական ընտանիք լիներ, սակայն երբեք չեմ բողոքել, ինձ այսպես «աղջկական» մթնոլորտում լավ է: Չեմ սիրում, երբ տանը շատ մարդ է լինում, աղմուկ է, ինչ-որ տարբեր հյուրեր ու բարեկամներ են լինում: Ինձ լավ եմ զգում, երբ տանը միայն ընտանիքի անդամներով ենք լինում, ամեն մեկն իր գործով է զբաղված: Միայն թե մեր տան հեռուստացույցը չեմ սիրում, որովհետև եթե այն չլիներ, ավելի շատ ժամանակ կխոսեինք:

10. – Ես գիտեմ որ դու սիրում ես սալաթներ սարքել, էլ ի՞նչ է քեզ մոտ լավ ստացվում:

– Պատրաստել չիմանալն իմ ամենաթույլ տեղն է, միայն այն է հույս տալիս, որ երբ մտքիս դնում եմ մի լավ բան պատրաստել, ստացվում է: Պարզապես երբեք չեմ խորացել ուտելիք պատրաստելու գործում, որովհետև նախընտրում եմ պատրաստի ուտելիք: Կարծում եմ, որ եթե ծույլ չլինեի, շատ բան կկարողանայի անել: Լավ ստացվում է համակարգչի հետ կապված գրեթե ամեն ինչ: Եթե մի բան չի ստացվում, կարող եմ ժամերով տանջվել, սակայն վերջում հաջողության հասնել: Լավ է ստացվում շների հետ լեզու գտնելը` կլինի դեկորատիվ շնիկ, թե չոբանի շուն: Չկա այդպիսի շուն, որ վախենամ նրանից: Շատ անգամ եմ չոբանի շների մուսի-պուսի անելով ստիպել պառկել գետնին ու խաղալ ինձ հետ: Ընդհանրապես` շներն իմ թուլությունն են: Եթե փողոցում թեկուզ անտուն շուն տեսնեմ, պիտի մոտենամ, խաղամ հետը, շոյեմ:

11. – Դու քո բլոգում հիմնականում գրում ես ռոմանտիկ պատմություններ, կարծո՞ւմ ես այդ ամենը ապրել է պետք, որ գրես, թե կարելի է նաև լավ ֆանտազիայի դեպքում հորինել:

– Բլոգս գրվում է անկեղծության վրա: Երբեք չեմ փորձել հորինել, սուտ բաներ գրել: Գրում եմ միայն անձնական ապրումներիս մասին: Ոչ մի կեղծ տող չունեմ գրած: Գուցե դրա համար էլ մարդիկ սիրում են գրածներս:  Այլ բան են պատմվածքներս, որոնք գրում եմ միայն այն դեպքում, երբ «տեսնում եմ» դրանք: Մի-փոքր դժվար է բացատրել, բայց անգամ պատմվածքներս չեմ հորինում, պարզապես կարծես գլխիս վերևում տեսնում եմ պատմվածքներիս հերոսներին և նկարագրում եմ այն, ինչ տեսնում եմ: Շատ անգամ եմ լսել, որ դրանք ավելի շատ ֆիլմերի սցենարների են նման:

12. – Ունե՞ս հավատարիմ ու լավ ընկերներ, ում հետ և դժվար պահեր ես կիսում, և խենթություններ անում:

– Սովորական ընկերներ շատ ունեմ, սակայն իրական ու մտերիմ ընկերներիս թիվը խիստ սահմանափակ է: Իմ ամենամտերիմ ընկերուհին մայրիկս է, ում իսկապես կարող եմ վստահել: Ճիշտ է` երբեմն վիճում ենք, սակայն ի վերջո հասկանում եմ, որ նա ճիշտ էր: Ցավալի է, սակայն չունեմ մանկության, դպրոցական ընկերուհիներ: Ընկերուհիներս, որպես կանոն, գալիս-գնում են: Չգիտեմ, թե ինչու է այդպես, սակայն ունեմ ընկերուհիներ, ում հետ արդեն 6-7 տարի է միասին ենք :  Տղա-ընկերներ էլ չեմ կարողանում ունենալ, որովհետև վերջիվերջո նրանք սիրահարվում են ինձ…

13. – Հայաստանում դեռ ոչ միանշանակ են նայում փիրսինգով աղջիկներին, քո մոտ դա ինչպե՞ս է ստացվել:

– Փիրսինգը եղել է մանկության չհիմնավորված երազանք, իսկ ես սովոր եմ, որ երազանքներս իրականանում են: Մայրիկիս միշտ ասում էի, որ անելու եմ, նա էլ ասում էր` կանես ու տան դուռը քո առաջ չի բացվի: Բայց անգամ դա չստիպեց ինձ կանգ առնել: Երրորդ կուրսում մի օր վեր կացա ու գնացի ունքս ծակեցի:  Հիշում եմ` համալսարանում ռեկտորս հատուկ կանչեց իր մոտ, ասաց, որ գեղեցիկ չի, սազական չի, դասախոսներս էին «թարս» նայում: Այնքան թարս նայեցին, որ ինֆեկցիա անցավ, ու ստիպված հանեցի: Հիմա փիրսինգ չունեմ, բայց երբ մայրիկս  «զայրացնում է», ասում եմ` այ կգնամ էլի փիրսինգ կանեմ :

14. – Եղե՞լ ես արդյոք որևէ այլ երկրում, եթե այո, ապա որտե՞ղ և ի՞նչ է տպավորվել քեզ մոտ:

– Ցավոք Հայաստանից դուրս երբեք չեմ եղել: Եթե այդպիսի հնարավորություն ունենայի, կգնայի իմ երազանքների երկիր` Բրազիլիա, որտեղ ծով կա, երջանիկ մարդիկ, ուրախ երաժշտություն, գեղեցիկ լեզու, մշտական ամառ: Նախորդ ամառ գրեթե գնում էի Դուբայ, սակայն վիզա չստացա:

15. – Կա՞ որևէ կազմակերպություն կամ աշխատանք, որի մասին այժմ երազում ես:

Մարին այժմ աշխատում է SHOWBIZ-ում

– Միշտ երազել եմ աշխատել մեդիայում: Այժմ երազանքս իրականացել է` աշխատում եմ Հայկական երկրորդ հեռուստաընկերությունում և Showbiz  ամսագրում: Սիրում եմ հեռուստաընկերությունների մթնոլորտը և ավելի շատ նախընտրում եմ կադրից դուրս աշխատանքը: Չգիտեմ, թե որքանով է դա աշխատանք, սակայն կցանկանայի ճանաչված գրող լինել:

16. – Ուսանողական տարիներին պրակտիկայի էիր գնում դպրոց, հե՞շտ է փոքրիկների հետ լեզու գտնել:

– Շատ էի վախենում դպրոց գնալուց, որովհետև դպրոցի հետ վերջին առնչությունս լավ հիշողություններ չէր առաջացնում: Սակայն, ի զարմանս ինձ, պրակտիկաս շատ լավ անցավ: 6-րդ դասարանն էին մեզ տվել, ակտիվ ու չարաճճի երեխաներ էին: Բայց ինձ հարգում էին, դասերը սովորում էին, ինձ Miss Mari էին ասում, ես էլ ինձ լավ էի զգում:  Իսկ ընդհանրապես երեխաների չեմ սիրում, այսինքն, ոչ թե չեմ սիրում, այլ չգիտեմ, թե ինչպես վարվել նրանց հետ: Մարդիկ կան, որ երեխայի տեսնելիս միանգամից վայ-վույ են կապում, ես այդպես չեմ: Հետաքրքիր է, որ երեխաներն են միշտ առաջին քայլն անում, մոտենում են, ուզում են, որ, ասենք, ես իրենց կերակրեմ կամ ինչ-որ բան են ակտիվ պատմում, ես էլ լուրջ-լուրջ լսում եմ, բայց հոգուս խորքում ինձ լավ եմ զգում:

17. – Շոպագոլիկ ես, թե սովորական գնորդ:

– Սարսափելի շոպագոլիկ եմ: Կարող եմ ողջ ամսվա աշխատավարձս մեկ ժամում ինքնամոռաց ծախսել: Երբեք չեմ կարողացել փող տնտեսել, որովհետև երբ նման բան եմ որոշում, նույն օրը հիշում եմ, որ Ջինայիս մահու չափ նոր շորիկ է անհրաժեշտ:

18. – Դու շատ ազատ ես ու անկեղծ ֆեյսբուքումմ, հե՞շտ է այդպես ապրել:

– Facebook-ում ես լրիվ տարբեր եմ իմ իրական ես-ից: Դրա համար հեշտ է: Այնտեղ ես այնպիսին եմ, ինչպիսին, գուցե, կցանկանայի իրական կյանքում լինել: Իրականում ես շատ հանգիստ, լռակյաց, բարի-կամեցող մարդ եմ, չեմ սիրում սկանդալներ և վեճեր: Facebook-ում լիցքաթափվում եմ, սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել, սակայն այդ ամենն ինքնաբերաբար է ստացվում, ոչինչ հատուկ չեմ անում: Երբեմն իրոք դժվար է, որովհետև թվում է, թե մոտս անձի երկակիություն է: Համացանցում իմ իրական ես-ը բացահայտվում է միայն բլոգումս:

19. – Քո հետ միշտ զվարճալի դեպքեր են պատահում, կամ սոցցանցերում կամ երթուղայիններում, ամենաանհավանականն ու ծիծաղելին կպատմե՞ս:

– Վայ, իսկապես, օր չկա, որ մի բան չլինի: Իմ ուրախության հիմնական աղբյուրը երթուղայիններն ու տաքսիներն են: Առավոտյան գործի գնում եմ երթուղայինով, նույն ժամի մի վարորդ է լինում, ով, երբ վերջին կանգառներում միայն ես եմ լինում, սկսում է նույն երգը երգել` ինչի՞ չես ուզում ինձ հետ ընկերություն անել: Էլ արդեն չգիտեմ, թե ինչպես նրան բացատրեմ, որ սիրած մարդ ունեմ, ու ընդհանրապես ինձ հանգիստ թողնի: Ուղեվարձը տալիս էլ ամեն անգամ կռիվ եմ անում, որովհետև չի վերցնում: Հիմա ստիպված տաքսիով եմ գնում գործի, բայց այստեղ էլ տաքսու վարորդն է սիրահարվել ինձ ու ամեն անգամ մի 5-6 կտրոն է տալիս, որոնք հավաքելու դեպքում անվճար կարող եմ օգտվել իրենց ծառայությունից: Սոցցանցերում զվարճալի դեպքեր լինում են պարսիկ-հնդիկ-արաբների հետ, ովքեր անպոչ գդալի պես մեկնաբանություններ են թողնում, ես էլ նրանց զվարճալի պատասխաններ եմ տալիս:

20. – Ունե՞ս որևէ տարօրինակ սովորություն, որը քեզ հաճույք է պարգևում:

– Սիրում եմ Facebook-յան զվարճալի խոսակցությունները screenshot անել:

21. – Տնից դուրս գալիս քանի՞ ժամ ես կանգնում հայելու առջև:

– Արթնանալուց հետո մինչև տնից դուրս գալը անց եմ կացնում հայելու առջև: Իմ օրվա ամենադժվար որոշումը «ինչ հագնել այսօր»-ն է: Դեռ դպրոցական տարիներից մի սովորություն ունեմ` երբեք նույն հագուստը երկու օր իրար հետևից չեմ հագնում: Մի քանի անգամ զգեստափոխվում եմ, մինչև վերջնական տարբերակն ընտրելը: Իսկ ամենաշատը սիրում եմ դիմահարդարվել:

22. – Դու միշտ օրիգինալ մտքերով ես հանդես գալիս, որտեղի՞ց են դրանք ծնվում:

Դրանք իմ արյան մեջ են:  Չգիտեմ էլ, երևի նրանից է, որ միշտ անում ու ասում եմ այն, ինչ գալիս է մտքիս: Մի խոսք կա` ասացեք ճշմարտությունը և դուք օրիգինալ կլինեք: Միշտ առաջնորդվում եմ այդ խոսքերով:

23. – Թեյասե՞ր ես, թե սրճասեր:

Թեեեեեյ, օրը մոտ 5-6 բաժակ թեյ եմ խմում, իսկ սուրճ բացարձակ չեմ խմում, չեմ սիրում:

24. – Դու առհասարակ չես սիրում, որ քո նկարները մեկնաբանում են, ինչո՞ւ:

Մարիի հայտարարած Էսսեների մրցույթի մասնակիցների հետ

– Չեմ սիրում, երբ արտաքինս մեկնաբանում են: Շատ եմ սիրում լուսանկարվել, այդ առումով մի քիչ ինքնասիրահարված եմ, կարող եմ ժամերով ինքս ինձ լուսանկարել ու պարտադիր դրանք համացանցում տեղադրել, սակայն անհարկի եմ համարում «Վույ ինչ սիրուն ես» մեկնաբանությունները, որովհետև ինձ կարծես շուկայում եմ զգում, որ նկարներս դրել եմ, որպեսզի մարդիկ գնահատեն ինձ:

25. – Ի՞նչ կփոխեիր հենց հիմա, հենց այս պահին քո կյանքում:

– Կփոխեի անցյալում գործած մի քանի սխալ, դրանք իսպառ կջնջեի հիշողությունիցս: Ու մեկ էլ այնպես կանեի, որ ամառը շուտ գար, որպեսզի ընկերս բանակից արդեն զորացրված լիներ:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.