մեր առաջին աշունը

Այս տարվա աշունը շատ արագ եկավ ու այդքան արագ էլ մեզ հրաժեշտ է տալիս: Այսօր, երբ ցերեկը դուրս եկա տղուս հետ ման գալու, օդի տաքությունն ու եղանակի հանգստությունը հուշեց, որ մոսկովյան ձյունը շուտով և մեր քաղաքում կլինի, ու հասկացա, որ այսօր պետք է վայելեմ աշունը:

Ի դեպ, տղայիս առաջին աշուն է, ու երևի ինքն էլ էր զգում, որ վերջին տաք օրերն են այս տարվա, որոշեց մի լավ լացել, ես էլ նրան գրկեցի, նստեցի մանկական այգու ճոճանակին ու վայելում էի այդ գեղեցկությունը: Երկու դպրոցական աղջիկներ  իրար հետ խոսում էին, կասեի բամբասում էին, ես էլ հիշեցի ինձ ու ընկերուհիներիս, մեր աշուններն ու բամբասանքները, անհեթեթ ու ծիծաղելի թվացող, բայց այն ժամանակ մեզ համար շատ կարևոր, կողքի նստարանին նստած մեկամյա տղան ուրախացավ, երբ պապան նրան տվեց իր մեծ մեքենան, ես էլ իմ տղու ականջին շշնջացի, որ ինքն էլ է դրանից ունենալու: Այդ պահին հանկարծ վերևի ծառից մի չորացած տերև ընկավ մեզ վրա, հիշեցի Դիլիջանս, ոնց էի այգում չորացած տերևների միջով քայլում , նրանց խշխշոցը ինձ մի այլ հաճույք էր պարգևում, զգացի, որ դա էլ եմ կարոտել:

Դիմացի փոքրիկ բարձունքին մի խումբ տղաներ կարտոնե թղթով սահում էին, իսկ մենք մենակ ձմռանն էին նման բան անում, երևի չէինք էլ մտածել, որ կարելի է և աշնանը ուրախանալ այդպես:

Հա, մոռացա մի քիչ էլ ճոճանակի մասին պատմեմ, այդ փոքրիկ այգին, որի նմաննները այստեղ ամեն մի շենքի հարակից տարածքում կան, ինձ մոտ մանկական նախանձիկ առաջացրեց, հա իմ մակությունում նման բան չկար, մենակ մեր կողքի մանկապարտեզի բակում կային նման գունավոր ճոճանակներ, սահուղիներ, բայց մեր մուտքը այնտեղ արգելված էր, իսկ նայելն ու երազելը՝ ոչ:

Իսկ ծառերից տերևները թափվում էին, տարբեր գույնի, տարբեր չափսերի, ու ես նորից հիշողությունս փորփրեցի, հիշեցի իմ դպրոցական աշունները, որ տանը ցուրտ էր, ես էլ տաք հագնվում էի, ինձ երևակայում կինոյի աղջիկ, վերցնում Տերյանի հատորներից մեկը, էլ ինչ աշուն առանց Տերյան, ու կարդում, կարդում, ու երազում՝ տեսնես կլինի մեկը, ում համար ես այս սիրո տողերը կկարդամ:

Իսկ այսօր իմ ամենաերջանիկ աշունն է, այս աշնան ամեն մի օրը, ամեն մի պահը, գրկումս տաքուկ տաքուկ, ծառերից թափվող խշխշան տերևների տակ քնած է որդիս, հեռախոսիս այդ պահին զանգեց սիրելիս ու մամաս իջավ, որ մեզ օգնի գնանք տուն:

Ասում եմ չէ, այս տարի աշունը ամենագեղեցիկն է…

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.