Հայկական ավանդական ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ամառ

Այս քանի օրը երևանյան շոգաշատ իրենց բնակարանից մի երկու բողոքաբամբասություն ստացա ընկերուհուցս: Պարզվեց, որ այս շոգը քիչ է, իրենք դեռ պահածոյացնում են բադրիջան ու բիբար, որը իրենց խոհանոցի ջերմությունը լցնում է անուշահոտ բույրով, բայց և միևնույն ժամանակ այդ ջերմությունը սկսում է եռալ: Նորաթուխ հարս ընկերուհիս հայկական խոնարհությամբ սուս արած բանկաներ է լվանում, բայց և միևնույն ժամանակ մի հռետորական ու տեղին հարցադրում անում իր մքում` ես ինչ ենք անում:

Մինչ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը Հայաստանի բոլոր հեռուստաալիքներով հորդորում է բանջարեղենն ընդհանրապես չպահածոյացնել, այլ պահել սառնարանային պայմաններում կամ չորացնել, այս եղանակները հնարավորինս անվտանգ համարելով, ընկերուհուս սկեսուր մայրիկը լսում է նրան, այո, լսում է Տիկին Բաբայանի հորդորներն ու սովետական սովորության համաձայն հերթական բանկայի մեջ իջացնում բադրիջանն ու բիբարը ու դնում տնային պայմաններում մանրէազերծում:

Մարգարիտա Բաբայանը շարունակում է իր խոսքն ու էկրանի այն կողմից վիճակագրան տվյալներ նշում, որ այս տարի արձանագրվել է բոտուլիզմի 16 դեպք, որի հետևանքով 27 մարդ է տուժել, 3-ը մահացել են: Նախորդ տարի արձանագրված նման 12 դեպքերից 19 մարդ է տուժել, մեկը մահացել է: Վիճակագրան այս տվյալները քմծիծաղ են առաջացնում հայ կնոջ մոտ, ով տարիներ շարունակ, աչք փակելով հոգնածության, առողջության բացակայության, ժամանակի սղության վրա, իր ամառային հանգիստն անց է կացրել սեփական խոհանոցում ու արդեն վարպետորեն բանկան բանկայի ետևից փակում է ու դնում այն կողմ: Տիկին սկեսուր մայրիկը նորաթուխ հարսին սովորեցնում է, որ ձմռանը համով սեղան ունենալու համար պետք է այս եղանակով անցկացնել ամառային հանգիստը, որ սեփական արձակուրդային օրերը պետք է լցոնել բիբարներով, պոմիդորով ու բադրիջաններով, որ ծովի արևայրուքից ավելի լավն է հայ կնոջ համար մուրաբայի հոտն ու կոմպոտների հատիկների առատությունը: Հայ հարսը գլխով է անում, այո-ի նշան տալիս, սակայն մտքում ասում` էս որ թիվն է որ:
Հայկական պահածոյացման գործընթացի փուլեր`
1.Չհասցնելու պանիկա
2.Շոգաշատ երևանյան շուկաներում սեզոնին համապատասխան մրգերի ու բանջարեղենների փնտրում, գտնում ու գնաիջեցման փորձ
3.Անտեսելով իգական սեռի ներկայացուցիչ լինելու փաստ ու տասնյակ կիլոներով գնվածի “ՔԱՇ տալ” տուն
4.Շոգաշատ խոհանոցում այդ ամենը հատ-հատ լվանալ, մաքրել, պատրաստել
5.Բանկաների տեսականիների լվացում,մանրէազերծում
6.Պահածոյի պատրաստում, բանկաների մեջ շարել, նորից մանրէազերծել
7.Մինչև 45 աստիճան ջերմության անտեսում
8.Մոռացում, որ այդ ամենը այսօր վաճառվում է ՀՀ բոլոր խանութներում
9.Չընդունել, որ գործարանում պատրաստվող պահածոները առողջության համար ավելի օգտակար են ու հաստատ համով չեն զիճում
10.Երբեք չմտափոխվել, որ ամառային արձակուրդը հանգստանալու համար է, այլ ոչ թե պահածոյացվելու
11.Պահածոների` բանկա առ բանկա դեպի նկուղ կամ համապատասխան պահարան “ՔԱՇ ՏԱԼ”
12.Բարձր ճնշում, հոգնած ոտքեր ու ձեռքեր և ողնաշար, չհանգստացված արձակուրդ, նյարդաբորբոքում, շոգեխաշ եղած հարս ու սկեսուր
13.Եվ վերջում, ինչպես միշտ, հրավառություն, այո նկուղում հրավառությանն են մասնակցում անորակ ու վատ մանրէազերծված բանկաների կափարիչները:
14.Առավոտ, աղբարկղ, վատ պահածոյացված բանջարեղենների կույտեր
15.Անտեսանելի արտանետում` գումար, առողջություն, էլեկտրագազյին ծախս, ժամանակ, հոգնածություն:

Ամառ, երբ դու հայկական ես, ապա կապ չունի, մեկ է, դու ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ԵՍ

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.