Պապիկիս 100-ամյակը

Ես միշտ երազել եմ պապիկ ունենալ, որ ինքը ինձ տանի դպրոց, որ գամ տուն, նստեմ իրա ծնկներին ու ինքը ինձ հետաքրքրիր պատմություններ  պատմի, որ ձեռքս բռնած ինձ կառուսել տանի: Բայց կյանքը նենց է դասավորել, որ ես իմ երկու պապիկներին էլ չեմ տեսել, ինչի համար շատ եմ ափսոսում: Ու երևի հենց այդ պատճառով է, որ տանել չեմ կարողանում, երբ ծանոթներիս մեջ մարդիկ թույլ են տալիս կատակել իրենց պապիկների նկատմամբ կամ հենց իրենք չեն գնահատում ու հարգում իրենց իսկ սեփական պապիկներին:

4-րդ դասարանում ռուսերենից շարադրություն էին տվել “Իմ պապիկը” վերնագրով: Եկա տուն, մտածեցի, մտածեցի, ու հասկացա որ չեմ կարող առանձնացնել պապիկներից մեկին: Հայրական պապիկիս մասին թերթում հոդվածը ու մայրական պապիկիս մասին գրքում գրած նյութը արդեն իսկ պատրաստի շարադրություններ էին: Հպարտ-հպարտ գնացի դպրոց, առաջինը ես մոտեցա գրատախտակին ու կարդացի այն, ինչ գրած էր նրանց մասին:

Սամվել Պապիկս

Բայց այսօր պատմելու եմ հայրական պապիկիս մասին` Սամվել Պողոսյանի մասին, ում 100 ամյակը մի քանի օր առաջ էր: Նրա 8 թոռներից վեցը հավաքվել էին Դիլիջանում ու մեծ քեֆով ու ուրախությամբ նշել իրանց պապիկի 100-ամյակը: Ափսոս տատիկս այլևս չկա, ինքը միշտ այդ օրը ինձ ասում էր` Այսօր պապիդ ծննդյան օրն է, ու զգում էի, որ մեծ կարոտով, մեծ հարգանքով ու մեծ սիրով էր ասում, ու միշտ ինչ որ բան պատմելիս ես զգում էի, որ նա շատ մեծ հարգանքով է ասում ՍԱՄՎԵԼԸ:

Մի քանի տարի առաջ ընկերուհիս ասեց, որ Դիլիջանի Թիվ 1 դպրոցի թանգարանում Պապիկիս նկարն են փակցրել, տատիկս այդ փաստը շատ հպարտությամբ ընդունեց:

Հայրիկս, Տատիկս ու Պապիկս

Պապիկս Դիլիջան քաղաքի Առաջին վաստակավոր ուսուցիչն է եղել: Երկար տարիներ փոխտնօրեն, ուսուցիչ է աշխատել, մասնակցել է Մեծ հայրենական պատերազմին: Սակայն շատ շուտ է մահացել, հայրս նոր է ավարտել ինստիտուտը: Պապիկիս մասին տատիկս ինձ շատ է պատմել, շատ նրբանկատ, հումորով, իր ժամանակի համար ազատամիտ, հասկացող մարդ է եղել: Հաճախ ձեռքս եմ վերցնում նրա մահվան մասին գրված թերթը, որտեղ դիլիջանցիները իրենց կարծիքն են գրել պապիկիս մասին, հպարտանում եմ, ահավոր եմ հպարտանում ու միևնույն ժամանակ, ափսոսում, որ այդ հրաշալի ու խելացի, բարի ու նրբանկատ մարդուն ես երբեք չեմ տեսել:

Բայց ես հպարտ եմ, որ ես Պողոսյան Սամվելի թոռն եմ ու ամեն անգամ դա արտասանելիս ես ևս մեկ անգամ համոզվում եմ, որ պապիկս մեծ ժառանգություն է թողել, իր անունը…


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.