Սեպտեմբերյան հիշողություններ

Չգիտեմ Հայաստանում ոնց, բայց այստեղ արդեն սկսվել է սեպտեմբերյան եռուզեռը: Ամբողջ շուկան լի է դպրոցականների համար նախատեսված պայուսակներով, դպրոցական հագուստով ու տետրերի բազմազանությամբ: Երեկ դրանց մոտով անցնելիս նկատեցի մի փոքրիկ, հավանաբար 2-3-րդ դասարանի աղջկա, ով տխուր աչքերով ու աղքատիկ շորերով կանգնել էր մայրիկի կողքը, վերջինս էլ շատ կոպիտ հորից պահանջում էր երեխայի համար նորմալ պայուսակ ընտրել:

Մի քանի րոպե անց փոքրիկի ձեռքին հայտնվեց էժանագին մի պայուսակ` աղջկական գույներով, սակայն դա էլ նրա աչքերում ուրախություն չարթնացրեց: Հավանաբար նրան վշտացրել էին տան խոսակցությունները իր դպրոցական պարագաների ձեռքբերման թեմայով: Բնական է, այսօր յուրաքանչյուր ծնող չի կարող թույլ տալ իրեն երեխայի համար գնել ամենալավն ու թանկը դպրոցի համար, նույնիսկ միջին դպրոցական ծախսերը “թանկ են”: Երեկ փորձում էի տետր գնել ինձ, երբ նայեցի գներին, մտածեցի` տեսնես մամաները ու պապաները ինչքան պետք է աշխատեն, որ իրենց երեխայի համար գոնե նորմալ տետր գնեն:


Չորրորդ դասարանում մամայիս հետ օգոստոսի վերջին գնացել էինք ինձ կոշիկ առնելու: Ու քանի որ մեր գումարը քիչ էր, ամբողջ քաղաքը մի լավ ման եկանք, վերջում մամաս իմ համար գնեց իմ առաջին փոքրիկ կրունկով կոշիկները` սև ու սպիտակ: Ու իմ համար դրանք աշխարհի ամենասիրուն ու ամենաթանկ կոշիկներն էին, վախենում էի անգամ հագնեմ, որ հանկարծ չփչանան: Իսկ իմ առաջին “Րյուկզակ” պայուսակը նվեր եմ ստացել քույրիկիցս 3-րդ դասարանում, երբ Դիլիջանում այդպիսի պայուսակ դեռ քչերը ունեին, այն սև ու կանաչ էր: Ես իրան փայփայում էր, նենց էի սիրում: 6-րդ դասարանում մորաքրոջս ամուսինը ինձ որոշեց ամառային արձակուրդներին պայուսակ նվիրել, երբեք չեմ մոռանա այդ տեսարանը, երբ մենք Երևանում մտանք “Մանկական աշխարհ” խանութ, մի ամբողջ պատ պայուսականեր էին, ու ինքը ինձ ասեց, մատդ որի վրա դնես, քոնն է… պատկերացնում եք իմ ուրախությունը, ես մենակ էի, մաման չկար, քույրիկներս չկային ու ես չգիտեի, որ ընտրեմ, որ ինքը լավ լինի, ես մենակ էի, բայց պետք է ընտրություն անեի: 1998 թվական էր… ու ես իմ առաջին ու լուրջ ընտրություն արեցի:
Մի անգամ մամաս իմ համար առել էր թանկանոց, շատ որակով, ռուսական արտադրության տետրեր, հըմմ, ուրախությանս չափ չկար, ափսոսում էի մեջը գրեմ:
Իսկ երեկ տետր ընտրելիս, հասկացա, որ չնայած գումարս հերիքում է ընտրել, որն ուզեմ, ինչ գույնի ուզեմ, բայց մեկ է այն սրտի թրթիռը, որ քեզ համար ընտանեկան բյուջեից հատկացվել է գումար, այլևս չկա…

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.