“Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Շուշան Շատիկյանը

Շուշան Շատիկյանը ծնվել է 1990 թվականի փետրվարի 6-ին Երևան քաղաքում:

Ֆեյսբուքում նա ունի 4991 friend, ինձ հետ ընդհանուր` 106:

Նրա բլոգերը՝

http://shatikyan.wordpress.com/

Նրա Ֆեյսբուքյան էջերը՝

http://www.facebook.com/oragir

https://www.facebook.com/groups/227229827288407/

– Շուշան  անունն ո՞վ է ընտրել:

-Անվանս հետ շատ հետաքրքիր դեպք կա: Շուշան եղել է հայրիկիս մայրական կողմի տատիկի անունը, բայց իրեն ահավոր չեն սիրել, այնքան չեն սիրել, որ անունս դնելուց անգամ չեն հիշել, որ դա հայրիկիս տատիկի անունն է եղել: Մտածել են՝ ինչ անուն դնեն, որ տարածված չլինի: Դե, այն ժամանակ՝ 90-ականներին, տարածված էին Մարինե, Նարինե, Կարինե, Աննա անունները, տարբերվելու համար Շուշան կոչեցին ինձ, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ պաշտում եմ անունս: Չեմ պատկերացնում, եթե անունս Շուշան չլիներ, ուրիշ ինչ էր լինելու:

-Շուշան որտե՞ղ է անցել քո մանկությունն ու կա՞ որևէ իր, որ դեռ փոքրուց պահում ես:

Փոքրիկ Շուշանը քրոջ հետ

-Մանկությունս անցել է Երևանում: Մեծացել եմ Երևանի կենտրոնական համարվող թաղամասերից մեկում՝ Սիլաչիում: Փոքր տարիքում ունեցած իրերից ինչը որ հնարավոր է, պահել եմ: Անգամ ամենաանհավանական բաները: Մինչ օրս անգամ դպրոցական օրագրերս, տետրերս չեմ գցել: 13-14 տարեկանում ծաղիկներ ու տերևներ էի չորացնում հանրագիտարանների արանքում, դրանք էլ մինչ օրս պահում եմ: Պահել եմ ջրաներկով արած նկարներս: Փոքր ժամանակ կարգին երեխա էի, նկարում էի, անգամ լուսանկարչությամբ զբաղվում: Հայրս նկար հանելու սարք ուներ ու Zenit ֆոտոապարատ: Բնություն էի լուսանկարում, հետո հայրիկիս հետ բաղնիքում այդ նկարները հանում էինք, կախում, որ չորանան: Ես այդ ժամանակ ոնց որ հեքիաթում լինեի, մինչ այդ կինոներում էի տեսել, թե ոնց են լուսանկարները ստեղծվում: Ամեն ինչ պահել եմ մանկությունից: Մանկությունս լրիվ ուրիշ աշխարհ է եղել ինձ համար:

Ինչպիսի՞ դպրոցական կյանք ես ունեցել, կապ կա՞ դասընկերների հետ, թե՞ ոչ:

Դպրոցական տարիներս շատ լավն են եղել, ի տարբերություն, ուսանողականի: Շատ լավ դպրոց եմ գնացել՝ թիվ 53, լավ դասղեկներ ու դասարանցիներ եմ ունեցել: Իմ լավագույն ընկերները նաև իմ դասընկերներն են եղել: Դպրոցից միայն լավն եմ հիշում: Դա իմ կյանքի լուսավոր կետերից մեկն էր: Կապը, թող որ սոցիալական կայքերի միջոցով, բայց պահպանվում է:

Ե՞րբ հասկացար, որ լրագրողական ուղին հենց քոնն է:

-Ճիշտն ասած, երկար ժամանակ գուցե թյուրիմացաբար եմ այդպես կարծել: Շա՜տ փոքր էի, երևի երրորդ-չորրորդ դասարանում, կինոներում տեսել էի, թե ինչպես են աշխատում լրագրողները, որոշել էի՝ պիտի լրագրող դառնամ: Չնայած գրելու, ավելի ճիշտ՝ ստեղծագործելու հետ միշտ սեր եմ ունեցել: Բայց երբ ավելի հասուն տարիքում բախվեցի ժուռնալիստիկա կոչվածի հետ ու հասկացա, թե մեր երկրում ինչ է նշանակում լրագրող լինել, հիասթափվեցի… Եկավ մի պահ, որ ես չէի կողմնորոշվում, թե ինչ եմ ուզում, ինչն է ինձ անհրաժեշտ: Եթե ժամանակը հետ տայի,  հաստատ այլ մասնագիտություն կընտրեի, բայց միևնույն է՝ կշարունակեի հոգով ու բնավորությամբ լրագրող մնալ: 5 տարի պահանջվեց ինձ, որ հասկանամ, որ ժուռնալիստիկան մասնագիտություն չէ, չի կարելի այն սովորել ուսանողական աթոռին նստած, մասնագիտական գրքեր կարդալով էլ հաստատ լրագրող չես դառնա: Ու ես առաջին անգամ հասկացա, թե ինչու էի այդքան ցանկանում լրագրող դառնալ…Այդպես պետք է լիներ: Չեմ ուզում փիլիսոփայական խոհեր արտահայտեմ, բայց այս մեկը պետք է ասեմ՝ կան, չէ՞ մարդիկ, ում տրված չէ ինքնուրույն ընտրել կյանքի ուղին, երևի ես այդ մարդկանցից եմ…Ամեն կերպ փորձել եմ խուսափել ժուռնալիստիկայից, չի ստացվել, աներեսը ամեն ուր հետապնդում է ինձ:

 -Եթե առանձնանցնեք բլոգերությունն ու լրագրությունը, դու հոգով ավելի շատ բլոգե՞ր ես, թե՞ լրագրող:

-Ես հոգով գրող եմ, ընդ որում՝ գրող ասելով ոչ թե նկատի ունեմ արձակագիր կամ պոետ, ինչպես շատերն եմ համարում իրենց  երկու տող գրելով ու դրանց տակ երկու դրական մեկնաբանություն ստանալով, այլ պարզապես գրող, անվանեք դա ինչպես կուզեք: Կարևոր չէ, թե ինչի համար ես գրում, ինչ ֆորմատով կամ թեմայով, կարևորը՝ գրում ես, ուրեմն ապրում ու զգում ես:

Շուշան, ի՞նչ հենց հիմա կցանկանայիր պատմել ուսանողական կյանքից

-Արի չհիշենք ուսանողական կյանքը, որովհետև պատմելու առանձնապես բան չկա:

Դու շատ հաճախ գրում ես սիրո ու ռոմանտիզմի մասին, որտե՞ղ է թաքնված քո մուսան:

-Որ ասեմ՝ մուսա չկա, չեք հավատա, չէ՞:  Իրականում, միշտ դեմ եմ եղել մուսա կոչվածին: Չեմ հասկանում, թե ստեղծագործ մարդը ինչու պիտի նստի ու սպասի այդ առեղծվածային մուսային, երբ մուսան մենք ինքներս ենք ստեղծում մեզ համար:

80 սմ վարսերդ ո՞ւր կորան և ե՞րբ կորան:

-80 սմ վարսերս կորան Սիլաչիի վարսավիրանոցներից մեկում, 2010-ի նոյեմբերի 6-ին : Ես, որ մինչ այդ կտրականապես դեմ էի կարճ մազերին, ես, որ միշտ ասում էի, որ աղջիկը պետք է մի սանրվածք ունենա՝ դա է երկար, ուղիղ վարսերը, մի գիշերվա մեջ, քնիցս արթնացա ու որոշեցի, որ կարճ կառե պիտի կտրեմ: Մինչ օրս չեմ հասկանում, թե այդ  ինչ եղավ ինձ հետ, շրջապատիս մարդիկ էլ, ինձ ճանաչելով, չեն հասկանում, թե ոնց մտքովս նման բան անցավ: Հիմա, որ հետադարձ հայացք եմ գցում, սկսում եմ մտածել, որ դա ինչ-որ գերբնական ուժի արդյունք էր, որովհետև մազերս կտրելուց հետո կյանքս էականորեն փոխվեց դեպի լավը:

-Ես կարդացել եմ, որ դու Դի Կապրիոի, Իգլեսիասի, Նատալիա Օրեյրայի,  մեր մանկության կուռքերի սիրահար ես եղել, ի՞նչ կհիշես այդ ժամանակաշրջանից:

Շուշանը քրոջ հետ

-Հիշում եմ այդ տարիները: Դրանք այն տարիներն էին, երբ ոչ համացանց կար, ոչ բջջային կապ, ոչ էլ հեռուստաալիքների բազմազանություն: Իրանց ենք տեսել ու լսել, իրանց ենք երկրպագել, այլընտրանք չունեինք պարզապես: Էդ տարիներից հիշում եմ, որ ”մոդա ” էին ընկել դերասանների ու երգիչների նկարներով տպերը: Ու մենք բոլորս, դասարանի աղջիկներով, տետր էինք պահում, որտեղ փակցնում էինք այդ նկարները: Հիշում եմ,  ոնց էինք իրար համոզում, որ նկարներով փոխանակվենք, որովհետև  Օրեյրան նոր, սպիտակ շորով նկար ուներ, իսկ ես չունեի, բա չունենայի՞ :

-Ես գիտեմ որ դու չես սիրում պարել, վերջերս հարսնաքույր էիր, էլի հրաժարվեցի՞ր, թե՞:

-Վայ, մի հիշացրու: Ահավոր, ահավոր չեմ սիրում պարել, հատկապես՝ զանգվածային միջոցառումների ժամանակ: Մի անգամ բլոգումս կարծեմ գրել եմ, որ պարն ինձ համար ինտիմ է շատ ու չեմ ցանկանում իմ շարժումները կիսել որևէ մեկի հետ: Միայնակ կարող եմ ժամերով պարել: Իսկ ինչ վերաբերում է վերջերս ստանձնած հարսնաքրոջ ”պաշտոնիս”, ապա պետք է խոստովանեմ, որ մեծահոգաբար կատարել եմ ի պաշտոնե ինձ տրված բոլոր շարժողական գործողությունները:

Մարկեսյան սիրահար Շուշանը էլ ո՞ր գրողներին կառանձնացնի:

-Կառանձնացնի Սերվանտեսին, Լև Տոլստոյին, Քամյուին, Լորկային և, իհարկե, Սարոյանին: Բայց հանուն արդարության ասեմ, որ այդքան էլ չեմ սիրում հեղինակներին առանձնացնել, ես ավելի շատ այս կամ այն գրքի սիրահար եմ, քան կոնկրետ գրողի: Գիրք լինի՝ կարդամ :

-Ինչպե՞ս չես սիրում, որ քեզ դիմում են:

-Ատում եմ, երբ ինձ ասում են Շուշիկ: Ինձ զառամյալ տատիկ եմ զգում: Մնացած բոլոր ձևերն ընդունելի են ինձ համար: Սարսափելի տանել չեմ կարողանում, երբ ինձ ” Դուք”-ով են դիմում, հատկապես՝ ինձնից տարիքով փոքրերը:

-Շուշան, պատմիր մի փոքր քո ընտանիքի մասին:

Ես ծնվել եմ երևանյան շարքային, սովորական ընտանիքում, որի անդամներն ամեն ինչ արել են, որ ես ու քույրս ոչ մի բանի կարիք չզգանք: Այսքան տարի անց, երբ մայրս ու հայրս իրար հետ խոսելիս ինչ-ինչ դրվագներ են հիշում էն մութ ու ցուրտ տարիներից, որոնցից բնականաբար մենք տեղյակ չենք եղել, ես մտածում եմ, թե ոնց եմ փոխհատուցելու նրանց այդ ամենի դիմաց: Շատ կապված եմ հատկապես հայրիկիս հետ: Անչափ նման ենք իրար բանվորություններով, դրա համար հաճախ վիճում ենք, նեղանում իրարից ու բնականաբար շուտ էլ բարիշում:

Ի՞նչ ես սիրում նվեր ստանալ և ի՞նչ նվիրել:

-Սիրում եմ նվեր ստանալ գիրք ու այնպիսի բաներ, որոնք չեն վաճառվում: Գիտեմ, որ գրեթե անիրականանալի բան եմ ուզում: Պատկերացնո՞ւմ ես, 21-րդ դարի Երևանում ապրող մեկը որոշի աշնանը տերևներ հավաքել, չորացնել, հետո այդ տերևներով մի բացիկ պարաստել իր իսկ ձեռքով ու նվիրել ինձ: Կամ բրիձի հատիկները ներկել ու դրանցով կտավ պատրաստել: Այդպիսի բաներ միայն ես կարող եմ անել: Հիմա այդքան էլ ժամանակ չունեմ, բայց առաջ շատ էի պատրաստում նման բաներ: Հիմա միայն Նոր տարուց Նոր տարի:

-Իրական կյանքում ավելի լո՞ւրջ մարդ ես, թե՞ ավելի հումորով ու կատակասեր:

Ես չեմ կարծում, որ մարդն անընդհատ մի ձևի, մի բնավորության մեջ պետք է լինի, բայց դա չի էլ նշանակում, որ պիտի չափից դուրս փոփոխական լինի: Ըստ իս՝ յուրաքանչյուր մարդ, անկախ նրանից, թե ինչքան լուրջ կամ անլուրջ է, տարբեր իրավիճակներում պետք  է իրեն տարբեր ձև դրսևորի: Խելացի մարդը գիտի, երբ լրջանա և երբ տուրք տա ցանցառություններին : Դա է, ըստ իս, ճիշտ դաստիարակված մարդը, որն իր բնավորությամբ չի փչացնում շրջապատի տրամադրությունը:

-Ի՞նչ պետք է անի տղամարդը, որ առաջին հայացքից նկատես նրան:

-Տղամարդը պետք է ցույց տա, որ նկատել է ինձ, և ես կնկատմ նրան:

Կա՞ մի վատ սովորություն, որը գիտես որ վատն է ,սակայն դու այն ունես ու դու դա քո մեջ շատ էլ հավանում ես:

-Վատ սովորություններ ունեմ, օրինակ՝ ծույլ եմ սարսափելի:  Կուզեի հաղթահարել երբեմն անհաղթահարելի թվացող ծուլությունը:

Ո՞ւմ համերգի անգամ անվճար տոմս եթե տան, չես էլ գնա:

-Մի գաղտնիք բացեմ: Չեմ սիրում համերգներ ու նման աղմկոտ վայրեր, բայց դա չի նշանակում, որ եթե, ասենք, Էրիկ Քլեփթոնի համերգի տոմս տան, չեմ գնա: Թող ինձ թատրոնի տոմս նվիրեն, կգնամ՝ ինչ էլ լինի, մնացած տոմսերի դեպքում՝ ես պաս, ինչպես ասում են:

Շուշանն ընկերների հետ

-Ֆիլմ դիտելիս հաճախ ցանկանում ենք, որ այդ պահը մեզ հետ էլ կրկնվի, ո՞ր ֆիլմի ո՞ր պահը դու կցանկայանիր որ քո կյանքում էլ լիներ:

-Գիտես, երբեք չեմ նայել այնպիսի ֆիլմեր, որոնց մեջ այնքան լավ պահեր լինեն, որ ցանկանամ նույնը ինձ հետ կատարվի: Չեմ սիրում շարքային, հոլիվուդյան, weekend –ային ֆիլմեր, ավելի խորը ֆիլմեր եմ սիրում, դրամատիկ, որոնք դիտելուց հետո մտածելու ու խորհելու տեղիք են տալիս: Ահավոր շատ եմ սիրում իրանական ֆիլմերը: Դա լրիվ ուրիշ կինոմատոգրաֆիա է:

-Ո՞րն է քո ներկայումս ամենամեծ երազանքը:

-Տեսնել Մարկեսին Հայաստանում:

Ինչի՞ կամ ո՞ւմ մասին չես սիրում խոսել:

-Տղաների :

-Ինտերնետ մտնելիս առաջին հերթին ո՞ր կայքում ես հայտնվում:

-Առաջին հերթին՝ Facebook, դե, գիտես, հիմա լրագրողների տեղեկատվական թիվ մեկ հարթակն է դա, հետո իմ սիրելի աշխատանքին եմ անցնում՝ yerkir.am, հետո՝ արտասահմանյան կայքեր՝ ծանոթանալու միջազգային լրահոսին ու այդպես շարունակ:

-Որպես լրագրող միջազգային ո՞ր ԶԼՄ կցանկանայիր աշխատել:

-Ասել, թե նման ցանկություն չունեմ, սուտ կլինի, քանի որ բոլորս էլ, նկատի ունեմ լրագրողներին, ցանկանում ենք մտնել համաշխարհային գիգանտների ներքին խոհանոց, ծանոթանալ, ի վերջո հպարտանալու առիթ ունենալ: Չեմ առանձնացնի որևէ ԶԼՄ, բայց ասեմ, որ սկզբի համար շատ կցանկանայի լինել ռուսական որևէ հեռուստաալիքի լրատվական բաժնում, քանի որ շատ եմ հավանում իրենց աշխատելաոճը:

-Ինչ ես պատվիրելու այս տարվա Ձեմռ պապիկին:

-Դա իմ և նրա անձնական գաղտնիքն է:

 

 


Both comments and pings are currently closed.

Comments are closed.