“Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը

Տեր Հուսիկ  քահանա Սարգսյանը ծնվել  է 1986 թվականին Էջմիածին քաղաքում:

Ֆեյսբուքում նա ունի 1652 friend, ինձ հետ ընդհանուր` 59:

Նրա բլոգերը՝

http://sarkavag.blogspot.com/

http://www.manana-blog.blogspot.com/ (հեղինկաներից մեկը)

Ֆեյսբուքյան էջեր՝

Սարկավագագրքի էջը

Մանանա ծրագիր

  1. -Մանկությունը մեր կյանքի ամենաանհոգ շրջանն է, որքանո՞վ անհոգ էր այն Ձեր համար:

-Իսկապես մանկությունը անհոգ այն շրջանն էր, որի մասին երազկոտ ենք միշտ հիշում: Մի առակ կա այն մասին, թե ինչն է Աստծուն ամենաշատը զարմացնում մարդկանց մեջ: Ի թիվս մարդկային այլևայլ անհեթեթությունների, Աստված նշում է նաև. «զարմանալին այն է, որ մարդիկ քանի դեռ փոքր են, երազում են մեծ լինել, իսկ երբ մեծանում են երազում են վերստին մանկանալու մասին»: Իսկ մանկությունս անհոգ էր այնքանով, որքանով բախտ եմ ունեցել կողքիս ունենալու սիրող ու հոգատար հայր ու մայր, ովքեր կյանքի հարուցաց խոչընդոտներին հակառակ ջանացել են միշտ ապահովել իմ մանկական «կապույտ երկինքը»:

  1. -Դպրոցում կայի՞ն առարկաներ, որոնք այնքան սիրելի էին, որ միայն հինգեր էիք ստանում, թե գնահատակսնը կարևոր չէ՞ր:

-Վերջերս ինձ բռնացրեցի այն մտքի վար, որ ընդգծված սիրելի առարկաներ չեմ ունեցել: Գիտեմ միայն, որ չէի սիրում բնագիտական առարկաները (և այս պակասն ինձ այսօր շատ է խանգարում): Իսկ գնահատականները… Միշտ կշտամբվել եմ ուսուցիչներիս կողմից` գնահատականի համար չպայքարելու և ունեցածս գիտելիքներն ու կարողությունները ամբողջովին չներկայացնելու համար: Չնայած դրան գրեթե միշտ եղել եմ գերազանցիկ աշակերտների շարքում:

  1. -Ի՞նչ հիշողություններ ունեք պատանեկան անհոգ խենթություններից:

-Խենթություններ շատ են, բայց հենց հիմա մտաբերում եմ ձմեռային մի ուխտագնացություն Սևանա թերակղզուց դեպի դիմացի լեռան հակառակ կողմում գտնվող Մաշտոցներ սրբավայր: Երկար ճանապարհից խուսափելու համար, երիտասարդկան նախանձախնդրությամբ որոշեցինք բարձրանալ սարը և իջնել հակառակ կողմ, սակայն… Սևանի ցրտաշունչ ձմեռը մեզ ընդգրկեց սառցադաշտերի ու ձնաբքի մեջ: Շատ էինք սառել ու մի քիչ վախեցել, բայց, փառք Աստծուն, անվտանգ հասանք տեղ ու ետ վերադարձանք:

  1. -Ընկերասե՞ր դասարանցիներ եք եղել և արդյո՞ք պահպանում եք կապը նրանց հետ:

-Ավելի լավ կլիներ համադասարանցիներս պատասխանեին այս հարցին: Կարծում եմ, ընկերասեր եմ եղել, բայց կապը, հավանաբար կապված Սևանի Վազգենյան դպրանոցում 4 տարի ուսանելուս ու «փակ» ռեժիմի հետ, պահպանել այնքան էլ չի հաջողվել: Լավ է, որ կան սոցիալական ցանցերը և դրանցով հիմա քիչ թե շատ վերականգնվում են հարաբերությունները:

  1. -Ե՞րբ հասկացաք, որ կրթությունը պետք է շարունակել Ճեմարանում ու արդյո՞ք դա Ձեր որոշումն էր:

-Ես ցանկանում էի զինվորական դառնալ: Չգիտեմ` ինչն էր ինձ ձգում (հավանաբար հոլիվուդյան մարտաֆիլմերը :)))), սիրում էի ռեժիմ ու դրվածք, «ինքնագլուխ» կյանք, սակայն պապս, ով զինվորական էր, խորհուրդ տվեց հրաժարվել մտադրությունիցս: Երբ հասավ դպրոցական այն տարիքը, երբ աշակերտն ընտրում է, թե ուր դիմի, ծնողներս իմ առջև դրեցին «Դիմորդ» ձեռնարկը: Ճեմարանը ձեռնարկի մեջ չկար և դա ինձ ավելի գրավեց: Ճիշտ է, սկզբում միանգամայն այլ էին պատկերացումներս ճեմարանից և հոգևոր կյանքից (հավատքի և հոգևոր դաստիարակության հարցում կաղում էի 2 ոտքով), բայց ծնողներս ամենևին դեմ չկանգնեցին որոշմանս:

  1. -Ձեր ուսանողական տարիները, ինչպես և բոլորինը, լի են ոչ միան դասերով, այլ նաև հետաքրքիր պատմություններով, ինչ հետաքրքիր պատմություն կհիշե՞ք:

-Մեկ հետաքրքիր պատմություն արդեն հիշատակեցի, երկրորդը կապված է Համբարձման տոնի հետ, որը ժողովրդի շրջանում հայտնի Ջանգյուլում անվամբ: Տոնի օրը, քանի որ ողջ լսարանով տրամադրություն չունեինք դաս անելու, Ջանգյուլումայի երգով ու պարով դիմավորեցինք դասախոսներին, ովքեր թեև սկզբում անակնկալի էին գալիս, բայց հետո ժպիտով ներեցին մեր այդ չարաճճիությունը: Եվ մենք մեր նպատակին հասանք:

  1. -Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին, որտեղի՞ց են Ձեր արմատները:

-Հայրական կողմից արմատներս պատմական Մոկքից են: Քանի որ պապիկիս մահացել է մինչև իմ ծնունդը, այլ հնարավորություն չեմ ունեցել ավելի մանրամասն ուսումնասիրելու դրանք, սակայն հիշում եմ, որ փոքր ժամանակ հարևան տարեց մարդիկ ինձ դիմում էին պապիս մականունով` «Մոկացի»:

Մայրական կողմից ռուս եմ: Միայն մայրս է բնակվում Հայաստանում, սակայն բացի արտաքինից, ուրիշ այլ բանով չի տարբերվում հայուհուց:

Ունեմ ինձանից փոքր քույր, դպրոցական է, պատաստվում է դառնալ ուսանողուհի:

  1. -Ի՞նչ հետաաքրքիր նախասիրություններ ունեք, միգուցե հոբբի:

-Շատ եմ սիրում աշխատել փայտի հետ: Երբ իմացա, որ Հիսուսը հյուսն էր, էլ ավելի սիրեցի: Երբեմն ինքնուս նկարում եմ գրաֆիկական պատկերներ, երբեմն գրում եմ: Հիմա ամենամեծ նախասիրությունս, եթե այդպես կարելի է կոչել ՍԱՐԿԱՎԱԿԱԳԻՐՔ բլոգն է և «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական քրիստոնեական ծրագիրը:

  1. -Սպորտին ինչպե՞ս եք վերաբերում, հետևո՞ւմ եք սպորտային նորություններին, միգուցե ինքներդ էլ եք զբաղվում:

-Սպորտը, կարծում եմ մարդու կյանքի անբաժանելի բաղկացուցիչը պետք է լինի, ինչպես ասենք հաց ուտելը, սակայն ժամանակի սղությունը և երբեմն էլ ծուլությունս թույլ չեն տալիս կարծիքս իրականության վերածել: Սպորտային նորություններին գրեթե չեմ հետևում: Բավականին երկար ժամանակ զբաղվել եմ վոլեյբոլով, շատ եմ սիրում այդ սպորտաձևը և աշխատում եմ հարմար առիթը չկորցնել ցանցի մոտ հայտնվելու համար:

  1. -Կա՞ գեղարվեստական գիրք, որը Ձեր կյանքում շատ բան է փոխել:

-Առհասարակ մի խնդիր կա, որը երևի շատերի կյանքում է հանդիպում. ավելի շատ ուզում ու ծրագրում ես կարդալ, քան կարդում ես… Բացառիկ գիրքը, որը փոխել է իմ և շատերի կյանքը, Աստվածաշունչ մատյանն է` Գիրք գրոցը, որը մարսելու ու հասկանալու համար տասը կյանքն էլ բավարար չի լինի: Գեղարվեստական ստեղծագործություններից շատ եմ սիրում ու տարին գոնե 1 անգամ ընթերցում եմ ազգությամբ հայ, ֆրանսիացի գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» ստեղծագործությունը: Այն շատ պարզ է, ընթերցվում է առանց ավելորդ լարումների, սակայն ամեն անգամ ընթերցելիս նոր դաս է տալիս ինձ մարդ-մարդ հարաբերությունների հարցում:

  1. -Երբևիցե հնարավո՞ր է Ձեզ տեսնել խոհանոցում որևէ համեղ ճաշատեսակ պատրաստելիս:

-Չի բացառվում, սակայն միայն ըստ հույժ անհրաժեշտության:

  1. -Որքանո՞վ էր հեշտ ինտեգրվել ինտերնետին:

-Առանձնապես դժվարություն չստեղծեց, մանավանդ որ եկեղեցական ծառյությունս ավելի շատ վարչական, գրասենյակային բնույթի է:

  1. Ինպիսի՞ երաժշտություն եք սիրում լսել, որի ժամանակ հանգստանում է անգամ Ձեր հոգին:

-Որպես հոգևորական, հոգու հանգստության համար նախընտրում եմ, բնականաբար, հոգևոր երաժշտություն: Շատ եմ սիրում նաև Բախ: Ասում են, թե հրեշտակներն Աստծուն փառաբանում են հենց Բախի երաժշտությամբ:

  1. -Ինչպե՞ս հանդիպեցիք Ձեր կնոջը և ո՞նց հասկացաք, որ հենց նա է այն միակը, ում հետ կկապեիք Ձեր կյանքը:

-Ապագա կնոջս ճանաչում էի ավելի քան 1 տարի և ընկերական հարաբերությունների մեջ էինք: Մեծ վստահություն ունեինք միմյանց հանդեպ: Մի օր այնպես պատահեց, որ երկուսիս էլ փոխադարձ օգնություն էր պետք: Ուղղակի երկուսս էլ շատ ընկճված էինք: Այդ պահին միայն հասկացանք, որ առանց մեկս մյուսի չենք կարող ապրել:

  1. -Պատմեք Ձեր  նոր  ձևավորված ընտանիքի մասին:

Պսակադրվել եմ 2011թ. հուլիսին: Երեցկինը մասնագիտանում է երաժշտության ոլորտում: Երգչուհի է` դասական վոկալի ուղղվածոթյամբ: Ընդամենը օրեր առաջ լույս աշխարհ է եկել մեր առաջնեկը` Եվան, և էլ ավելի մեծացրել սերը ընանիքում:

  1. -Ի՞նչ է զգում տղամարդը առաջին անգամ հայրիկ դառնալիս:

-Իմ պարագայում, խոստովանեմ, արտառոց ոչինչ չեմ զգացել: Ավելի շուտ դատարկության պես բան է, երբ ուզում ես ինչ-որ զգացումներ ունենալ, բայց դրանք չկան: Միայն երբ մոտեցան հարազատները ու շնորհավորեցին, այն ժամանակ սկսեցի հուզվել:

  1. -Ինչպե՞ս եք սիրում հանգստանալ, ակտիվ, թե՞ պասիվ:

-Երկուսն էլ սիրում եմ: Բայց ֆիզիկական լարվածությունը ստիպում է հնարավոր հանգիստն անցկացնել առավելաբար պասիվ: Գերադասում եմ հանգստանալ սիրելի ու հաճելի գործով զբաղվելով:

  1. -Ինտերնետում առաջին հերթին ո՞ր կայքն եք բացում

-Դիտարկիչը բացում է Սարկավագագիրքը, ապա բացում եմ էլ. հասցես, օնլայն Աստվածաշունչը և Ֆեյսբուքը:

  1. Տանը կենդանիներ պահո՞ւմ եք

-Ունենք մի հրաշք փոքրիկ թութակ` Տուտտին, որը մեր տան լիիրավ անդամն է դարձել: Խոսում է, հնարքներ անում, սիրում ու սիրել տալիս իրեն:

  1. -Կա՞ ուտելիք, որը երբեք չեք ուտի, թե՞ այդ հարցերում պրոբլեմային չեք:

-Շատ պրոբլեմատիկ չեմ, բայց և … Կարծում եմ երբեք չեմ ուտի տապակած կանաչի:

  1. -Ավելի շատ սիրում եք կատակներ պատմե՞լ, թե՞ լսել, ի վերջո պատմել ծիծաղելի կատակ ոչ բոլորի մոտ է ստացվում:

-Շատ եմ սիրում կատակներ անել: Չեմ նեղանում, երբ ինձ հետ են կատակներ անում: Հաճախ կատակում եմ հենց ինքս իմ հասցեին: Հավատում եմ, որ հումորով շատ հարցեր կարելի է լուծել:

  1. -Ինչի՞ն եք կարոտում ամենից շատ:

-Ամենից շատ կարոտում եմ իմ ու մարդկանց մեջի «մարդուն»: Ով ուզում է թող նեղանա, բայց մենք ավելի շատ լինում են գիշատիչ, փորսող մողես, անտարբեր պատ, անպտուղ թզենի, քան… մարդ: Շատ չխոսեմ. սա ցավալի թեմա է:

  1. -Տարվա ո՞ր եղանակն է ավելի շատ ժպիտ պարգևում Ձեզ:

-Շատ եմ սիրում գարունը: Ամեն մի գարուն վերստին սիրահարվում եմ: Բնականաբար կնոջս :))))

  1. Ինչպիսի՞ մարդ պետք է լինի Ձեր ընկերը, ի՞նչ հատկանիշներ ունենա:

-Մարդու մեջ գնահատում եմ 2 հատկություն` լսելու հատկությունը և լռելու կարողությունը: Իսկ ընկեր դառնալու հարցում… ոչ մի նշանակություն չունի: Կարևոր է, թե ե՛ս ինչպիսի ընկեր կլինեմ:

  1. Սիրո՞ւմ եք ավելի շատ հարցեր տալ, թե՞ պատասխանել դրանց

-Արդեն ասացի, որ ամենաշատը սիրում եմ լռել, տեղին լռել: Բնույթով հարցասեր չեմ, սակայն երբեք չեմ ամաչում չիմացածս բանը հարցնել իմացողից: Հոգևորականի բնույթից ելնելով ավելի շատ պատասխաններ եմ տալիս:

 

 


Both comments and pings are currently closed.

2 Responses to ““Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը”

  1. Վարդան says:

    Արժեքավոր հարցազրույց է… թող հանրությունը տեսնի թե ինչ լավ Տեր հայր ունենք` ե’ւ որպես հոգեւորական, ե’ւ ընտանիքի հայր եւ առհասարակ` շփվող ու խելացի երիտասարդ…