Ուր է Դիլիջանի Եկեղեցին

Հաճախ ինձ ասում էին` դիլիջանցիները աթեիստ են, ես վրդովվում էի, զայրանում, բայց հակառակը ապացուցել, երբ քաղաքում Եկեղեցի անգամ չկա, մի քիչ դժվար է: Դիլիջանը ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր քաղաք է, որը շուտով դառնալու է մի ամբողջ հանրապետության ֆինանսական կենտրոն, իսկ երբ կգա այն օրը, երբ որևէ մեկը կմտածի այդ քաղաքի հոգևոր կյանքի մասին? Ում են պետք նորակառույց շենքերը, միջազգային դպրոցը, բանկերը, երբ քաղաքում անգամ Եկեղեցի չկա…
Երբ ես դպրոցական էի, քաղաքից շատ հեռու գտնվող Հաղարծին Եկեղեցում անգամ մոմ չկար, որ գնեիր, վառեիր, համարյա թե չէր գործում Եկեղեցին, քահանային կարելի էր տեսնել կնունքների կամ էլ հարսանիքների ժամանակ, այն էլ մի քիչ գինովցած, էլ ինչ ասել հոգևոր սնունդի ու դաստիարակության մասին:
Արդեն ավելի ուշ, երբ ես արդեն սովորում էի Երևանում, նոր նշանակված քահանան փոքրիշատե սկսեց հոգ տանել Եկեղեցու մասին, իսկ ներկայումս բոլորի հոգատարությունը չափ ու սահման է անցել, որ ԱՐԱԲ բարերար է Եկեղեցին վերանորոգում, ավելի լավ էր Արաբի փողերով ճանապարհ ասֆալտապատել, իսկ Եկեղեցին հայ բարերարի գումարներով վերանորոգել, բայց սա չէ, որ ուզում եմ պատմել:


Դիլիջան քաղաքում Եկեղեցի չկա, Ջուխտակ վանքերը, Հաղարծինը գտնվում են քաղաքից մոտ 30-35 րոպե (մեքենայով գնալու դեպքում) հեռավորության վրա: Այսինք, եթե ուզում ես գնաս Եկեղեցի ու մոմ վառես, աղոթես, խոսես քահանայի հետ, պետք է մեկին խնդրես, քեզ մեքենայով տանեն կամ տաքսի վերցնես կամ էլի նման մի բան: Իսկ ուր է մեր Եկեղեցին կամ ավելի էլի շուտ ուր են Եկեղեցու կառուցման համար նախատեսված գումարները… Արդյոք ինչ որ մեկի շքեղ մեքենաները մի ամբողջ քաղաքի հոգևոր կյանքից էլ ավելի կարևոր էր…


Եկեղեցու կառուցումը սկսվեց մոտ 20 տարի առաջ, ես դեռ դպրոցում էի սովորում ու այն իմ դպրոցի ճանապարհին էր, բայց որոշ ժամանակ անց նկատեցինք, որ կառուցումը կանգնեցվել է, ու արդեն այսքան ժամանակ Դիլիջանի հենց քաղաքային լճի ափին կարող եք տեսնել կիսակառույց մի սպիտակ գույնի շենքի 1/100 մասը:
Ասում են` առաջին բարերարի տված գումարը “կորել” է, իսկ բոլոր նրանք, ովքեր համաձայնում են գումար տրամադրել, ցանկանում են Եկեղեցու վրա իրենց անունը տեսնել, բայց ախր էն առաջինին խոսք էին է տվել է, ոնց տենց մի քանի անուն ՇԱՐԵՆ Եկեղեցու վրա, ու այ սենց մինչև հիմա քաղաքը իր աթեիստական դրոշմը ստացած մնացել է առանց ԵԿԵՂԵՑԻ: Բարերարները պահանջում են իրենց անունը տեսնել Եկեղեցու վրա, էլ սրա որն է բարերար, տենց էլ չիմացանք, իսկ նրանք, ովքեր գիտեն, թե ուր են փողերը, իրանք էլ անգամ չգիտեն, թե ուր են իրենք: Ու ինչ եք ուզում սրանից հետո, որ քաղաքում չլինեն Եհովայի վկաներ, ինչ եք ուզում, որ մարդիկ իմանան տարրական Եկեղեցական կանոներ, արդյոք դիլիջանցին է մեղավոր, որ իր քաղաքում, ի դեպ Հայաստանի առողջարանային քաղաքներից մեկում, պարարտ հող է ստեղծվել աղանդների ծլման ու ծաղկման համար: Արդյոք երկրի կառավարությունը, Հայոց Առաքելական Եկեղեցին ու քաղաքապետարանը այս հարցում ոչ մի կապ չունեն??
Մտածեք մի քանի րոպե, թե ինչու են մարդիկ դառնում աղանդավոր, կամ մուսուլման կամ թեքվում դեպի Ռուսական Ուղղափառ Եկեղեցին…

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.